01/10/2025

Արեւելյան Ատրպատականի նահանգապետը` Սյունիքում

Արեւելյան Ատրպատականի նահանգապետը` Սյունիքում

Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի միջեւ գոյություն ունեցող բարեկամական եւ փոխշահավետ տնտեսական կապերի ամրապնդման եւ համագործակցության զարգացման նպատակով Կապանի մշակույթի պալատում փետրվարի 1-ին տեղի ունեցավ իրանական արտադրության ապրանքների ցուցահանդես, որի բացմանը ներկա էին Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգին եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ցուցադրությունը դիտելուց հետո հյուրերն ունկնդրեցին Հայ առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմի “Կոմիտաս” երգչախմբի կատարումները, որից հետո Ահմադ Ալիռեզա Բեյգին Սյունիքի մարզպետին նվիրեց  Սբ Թադեոս եւ Սբ Ստեփանոս Նախավկա վանքերի մանրակերտերը` պատրաստված Թավրիզում:

Շնորհակալություն հայտնելով հյուրերին` Սյունիքի մարզպետն ասաց, որ հայ-իրանական բարեկամությունն էլ ավելի պետք է ամրապնդվի` հօգուտ երկու երկրի զարգացման ու բարգավաճման: Այնուհետեւ Սուրիկ Խաչատրյանն Ատրպատականի նահանգապետին նվիրեց ոսկե ժամացույց` ի նշան երախտագիտության: Արեւելյան Ատրպատականի պատվիրակության ներկայացուցիչները նշեցին, որ փետրվարի 1-ին լրանում է Իրանի իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձը, որը կնշվի տասը օր շարունակ: Հանդիսությունների տասնօրյակը կրում է “ֆաջր” (“Լուսաբաց”) անվանումը: ԻԻՀ ներկայացուցիչները նշեցին նաեւ, որ “ֆաջրի” ընթացքում կկազմակերպվի ավելի քան հարյուր հազար միջոցառում, այդ թվում` ցուցահանդեսներ, կինոփառատոներ, մարզական մրցումներ, թատերական ներկայացումներ: Ցուցահանդեսին հաջորդած համերգային ծրագրի ժամանակ ցուցադրվեց երկու տեսաֆիլմ, որից մեկը նվիրված էր  ԻԻՀ-ի հեղափոխության 34-րդ տարեդարձին, իսկ մյուսը` Արեւելյան Ատրպատականին:

Նույն օրը հյուրերն այցելեցին նաեւ Վահանավանքի վանական համալիր, Գարեգին Նժդեհի հուշահամալիր, Կապանի երկրագիտական եւ Կապանի պատմության թանգարաններ:

ԶԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: