01/10/2025

Դատավորը ենթարկվել է կարգապահական տույժի

Ըստ ՀՀ դատական օրենսգրքի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում ՀՀ արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը` նախազգուշացում, նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ ՀՀ նախագահին դիմելը: Ըստ iravaban.net կայքի` 2012 թվականին ՀՀ արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել 22 դատավորի, այդ թվում` Սերգեյ Աղաբեկյանին, ով 2001 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նյութերի ուսումնասիրությունից երեւում է, որ թիվ 1 կայազորի զինվորական դատախազ Հ. Պողոսյանը 24.06.2011թ. մինչեւ 15.07.2011թ. ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդի մեջ եւ 27.06.2011թ. կայացած դատական նիստին ներկա չի գտնվել: Չնայած դրան` դատարանը նշված օրը կայացված որոշման մեջ հիշատակել է դատախազ Հ.Պողոսյանի անունը, որպես գործին մասնակցող դատախազ: Փաստորեն, դատավոր Ս. Աղաբեկյանը, դատական նիստին դատախազ Հ. Պողոսյանին մասնակից չդարձնելու պայմաններում դատարանի 27.06.2011թ. կայացված որոշման մեջ նրա անունը հիշատակելով, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտում:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ արդարադատության խորհուրդը գտնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Աղաբեկյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական եւ դատավարական օրենքների նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աղաբեկյանին հայտարարվել է խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

Հ.Գ. ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի հունվարի 31-ի նիստում արդարադատության խորհուրդը, քննության առնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանի դիմումը եւ ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով եւ ՀՀ կառավարության 2007թ. հոկտեմբերի 11-ի թիվ 1184 որոշմամբ, որոշել է դիմել ՀՀ նախագահին` վերջինիս լիազորությունը դադարեցնելու միջնորդությամբ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: