01/10/2025

Մամուլի հաղորդագրություն

Հարուցվել է քրեական գործ` հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու եւ առեւտրային ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ

Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ծավ համայնքի ղեկավարների` Սեյրան Զաքարյանի եւ Արարատ Մարտիրոսյանի կողմից  դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, «Էներգացանցշին» ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սեյրան Զաքարյանը` 1999-2008թթ., այնուհետեւ` 2012 թվականից մինչ օրս, իսկ Արարատ Մարտիրոսյանը` 2008-2012թթ., աշխատելով որպես Ծավ համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ, հաստատապես տեղյակ լինելով, որ «Էներգացանցշին» ԲԲ ընկերությունը ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը կառուցել է այդ նպատակով չհատկացված համայնքային եւ քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը եւ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չեն ձեռնարկել, ինչպես նաեւ հողամասերն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չեն կիրառել:

Ընկերության ծառայողները իրենց լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ եւ առավելություններ ձեռք բերելու նպատակով, ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը, առանց համապատասխան թույլտվության եւ այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նկատմամբ առանց կառուցապատման իրավունքի ձեռքբերման, կառուցել են այդ նպատակով չհատկացված` համայնքին եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում, ինչի հետեւանքով նրանց իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է էական վնաս:      

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 315/2-րդ հոդվածի եւ 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Սյունիքի մարզի քննչական բաժնին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սյունիքի մարզի դատախազություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: