01/10/2025

Իսկ ինչո՞վ էր զբաղված Լեւոն Մարգարյանը, որ չէր պատրաստվել մրցույթին

Իսկ ինչո՞վ էր զբաղված Լեւոն Մարգարյանը, որ չէր պատրաստվել մրցույթին

Մարտի 22-ին  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում անց է կացվել Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցել են նույն վարչության պետի պաշտոնակատար (2012թ. օգոստոսի 17-ից) Լեւոն Մարգարյանը եւ Կապանի N10 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Հակոբյանը (վերջինս նախկինում էլ մեկ անգամ մասնակցել է այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին): Մրցույթի ընթացքում, սակայն, ո՛չ Լեւոն Մարգարյանը, ո՛չ Արթուր Հակոբյանը չեն հաղթահարել հարցազրույցի (բանավոր հարցերի) փուլը:

Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել Սյունիքի մարզում եւ հատկապես մարզի կրթական համակարգում ու տարակույսների տեղիք տվել: Արծարծվող հարցերը հետեւյալն են` ա) կլուծվի՞ Լեւոն Մարգարյանի ժամկետային աշխատանքային պայմանագիրը, թե՞ նա կշարունակի վարել մարզպետարանի վարչության պետի պաշտոնը, բ) կմասնակցի՞ Լեւոն Մարգարյանը թափուր այդ պաշտոնի համար հայտարարվելիք նոր մրցույթին, գ) ինչո՞ւ Լեւոն Մարգարյանը կարգին չէր պատրաստվել մրցույթին:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանից տեղեկացանք, որ Լեւոն Մարգարյանը կշարունակի ժամանակավոր պաշտոնավարումը` մինչեւ ՀՀ քաղծառայության խորհրդի կողմից նոր մրցույթի անցկացումը, որին նա կրկին կմասնակցի:
Ի դեպ, մրցույթի նախնական արդյունքներով Լեւոն Մարգարյանը հաղթող էր ճանաչվել եւ նույնիսկ շնորհավորանքներ ստացել: Բայց… Ժամեր անց պարզ է դարձել, որ քաղծառայության խորհուրդը չեղյալ է հայտարարել նրա` մրցույթում հաղթելու մասին որոշումը: Ըստ Ռազմիկ Ղազարյանի` պատճառը մրցութային հանձնաժողովում Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ Սամվել Թանգյանի եւ Քաջիկ Խաչատրյանի կողմնակալ պահվածքն է եղել գնահատման հարցում, որն ակնհայտ դառնալուց հետո վերահաշվարկվել է Լեւոն Մարգարյանի գնահատականը:

ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: