01/10/2025

Կհավերժացվի Լիսաբոնում նահատակվածների հիշատակը

Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում մարտի 29-ին կազմակերպվել էր հանդիպում, որի ընթացքում քննարկվեց «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանի անձնական նամակը` ուղղված Կապանի քաղաքապետին եւ համայնքի ավագանու անդամներին, որով առաջարկվում է «Հայոց ցեղասպանության Կապանի հուշակոթողի հարակից տարածքը դարձնել ցեղասպանության կազմակերպիչներին պատժած ու այդ պայքարին անձնազոհության գնացած մարդկանց նվիրված պուրակ» եւ «Լիսաբոնի թուրքական դեսպանության գրավման 30-ամյակի առիթով թույլատրել Կապանում տեղադրել գործողության մասնակից հինգ նահատակների հուշատախտակները»: Ներկայացված առաջարկների քննարկմանը մասնակցում էին Կապան համայնքի ավագանու անդամներ, ՀԿ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, պատմաբաններ, քաղաքապետարանի ու «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ աշխատակիցներ: «Ինձ համար շատ կարեւոր է, որ ցեղասպանության 100-ամյակի շեմին մենք անդրադառնանք այդ բոլոր տղաների ու աղջիկների հիշատակին», - ասաց Հրաչ Ջաբրայանը: Երկու ժամ տեւած քննարկման ընթացքում իրենց ելույթներում մասնակիցները հնչեցրեցին միանգամայն տարբեր տեսակետներ: Մի մասի կարծիքով առաջարկը ողջունելի է, մյուս մասի կարծիքով` կառուցվելիք հուշակոթողը դաստիարակչական նշանակություն պետք է ունենա սերունդների համար եւ նախընտրելի է, որ այն նվիրված լինի ոչ միայն Լիսաբոնի գործողությունների ժամանակ նահատակված տղաների, այլեւ բոլոր այն հայերի հիշատակին, ովքեր կյանքի գնով պայքարել են հանուն ցեղասպանության ճանաչման: «Համամիտ եմ, որ տղաները փորձել են իրենց գործողություններով նպաստել ցեղասպանության ճանաչման գործին… Սակայն, ի՞նչ արդյունք տվեցին այդ գործողությունները հայ ազգին եւ ընդհանրապես` ցեղասպանության ճանաչման գործին», - իր խոսքում ասաց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Այնուամենայնիվ Կապանի ավագանին ապրիլի 2-ին հավանություն է տվել Հրաչ Ջաբրայանի նախաձեռնությանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: