01/10/2025

Սարոյանական ցերեկույթ

Սարոյանական ցերեկույթ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի նպատակը նոր ձեւավորվող սերնդի մեջ հայրենասիրություն արմատավորելն ու հայապահպանությանը նպաստելն է:

«Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են Արշակ Չոպանյանի, Գեւորգ Զ Չորեքչյանի, Վիլյամ Սարոյանի, Նիկոլ Աղբալյանի անունները, ինչպես նաեւ Հայաստանի շախմատի հավաքականը: Այս կապակցությամբ հանրապետության բոլոր դպրոցներին հանձնարարականներ են տրվել տարվա ընթացքում կազմակերպել վերոնշյալ մեծերին նվիրված միջոցառումներ:

«Սյունիքի տարածաշրջանային քոլեջ» ՊՈԱԿ-ը, ընդառաջ գնալով ՀՀ սփյուռքի նախարարության հանձնարարականին, ապրիլի 17-ին կազմակերպել էր հուշ-ցերեկույթ` նվիրված Վիլյամ Սարոյանին: «Հայ հոգու մունետիկ» խորագրով միջոցառման նպատակն ուսանողներին մեծ գրողի կյանքին, գործունեությանը եւ ստեղծագործություններին ծանոթացնելն էր: Միջոցառման կազմակերպիչ, քոլեջի հայոց լեզվի եւ գրականության դասախոս Սեդա Սարդարյանի խոսքերով` սա ոչ թե «պատվեր» կատարել էր, այլ պարտք մատուցել մեր մեծանուն գրողին: Օտար ափերում ծնված, բայց հայ ոգով ապրող գրողի ստեղծագործությունները տոգորված են խոր մարդասիրությամբ ու պայծառ լավատեսությամբ, հասարակ մարդու ճակատագրի, նրա ապագայի հանդեպ մտահոգությամբ: Ուստի յուրաքանչյուր հայի պարտքն է ընթերցել Սարոյան, ապրել սարոյանական հերոսների կյանքով:

Միջոցառման ընթացքում քոլեջի դասախոսները ներկայացրին օտարագիր հայ գրողի կյանքն ու ստեղծագործությունը, քոլեջի ուսանողներն անդրադարձան սարոյանական ասույթներին: Միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ Կապանի արվեստի քոլեջի դասախոս Հասմիկ Մարտիրոսյանը եւ ուսանող Արմենուհի Հովհաննիսյանը: Վիլյամ Սարոյանի մասին հուշեր պատմեց նաեւ Կապանի N3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանը:

Սարոյանը, թեպետ անգլերեն էր գրում, սակայն «այն ոգին, որ ստիպում է ինձ գրել, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: