01/10/2025

Բնությունը «կատակներ» չի սիրում

ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Բնության մեջ ամեն բան սերտորեն կապված է միմյանց: Մարդն ինքը, լինելով բնության մի մասնիկը, նույնպես կապված է շրջակա միջավայրի հետ: Գիտությունն օգնում է մեզ քննարկելու եւ բացատրելու այդ նրբին կապերը, որ նախ եւ առաջ ինքներս մեզ չվնասենք:

Մարդ-բնություն փոխհարաբերությունների մասին փորձել են խոսել Կապանի N2 ավագ դպրոցի աշակերտները` ձգտելով պարզաբանել դրանք: Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհը նշեց Մոլորակի օրը: Նման առիթը բաց չթողնելով` աշակերտները` կենսաբանության ուսուցչուհի Ռ.Հովհաննիսյանի հետ, խոսել են բնապահպանական խնդիրների մասին, որոնք մեր օրերում հրատապ հարցի են վերածվել: Այդ խնդրով ամբողջ աշխարհն է զբաղվում, այն քննարկվում է բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, եւ, վերջապես, այն համակողմանի ուշադրության է արժանի:

Մեր իսկ սխալների պատճառով վտանգում ենք ապագա սերունդների կյանքը: Ամբողջ աշխարհը պատված է ծխի քուլաներով կեղտոտված օդով, կեղտաջրերով, աղտոտված գետերով…
Ես ինքս բնության պահպանությունը համարում եմ մարդու առողջ ապրելակերպի գրավականը:
Ողջ աշխարհի գիտնականները վաղուց են տագնապում: Նրանք ապացուցում են,որ հարկավոր է մանրազնին կշռադատել մարդու կողմից բնության ամեն մի միջամտությունը:

Աշակերտները ներկայացրին երկրագնդի եւ ՀՀ էկոլոգիական վիճակը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով այն հարցին, թե ինչ ներդրում ունի յուրաքանչյուր ոք այդ հիմնախնդրի կարգավորման հարցում: Խոսվեց ՀՀ-ի բնության մասին, արծարծվեցին բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաեւ ծրագրվեցին հետագա անելիքները: Կազմակերպվել էր նաեւ վիկտորինա` ՀՀ Կարմիր գրքում եւ անհետացման եզրին գտնվող բույսերի ու կենդանիների, ջրային ավազանի, մթնոլորտի, անտառային տարածքների կրճատման բացասական հետեւանքների մասին: Վիկտորինայի մասնակիցներն իրենց գիտելիքներով, կարծես, ամբողջացրին եւ լրացրին միջոցառումը: Փաստորեն, հանդիսատեսն ակտիվորեն մասնակցեց կազմակերպված ցերեկույթին. կապն անխզելի էր եւ անհնարին էր չնկատել:

«Մարդ-բնություն հակասությունը խորանում է հատկապես այն ժամանակ, երբ մարդն սկսում է բնությունից վերցնել առավելագույնը եւ գիտակցված կամ չգիտակցված ձեւով խախտել բնական գործընթացների հավասարակշռված ընթացքը: Բնությունը նման «կատակներ» չի սիրում, եւ վաղ թե ուշ այդ ամենը կարող է հանգեցնել լուրջ աղետի», - այս էր միջոցառման գաղափարախոսությունը: Աշակերտներն ամեն կերպ փորձեցին վերհանել սպասվող աղետի անդառնալի կորուստները` բացատրելով բնության անփոխարինելի դերը մարդու կյանքում:

Ճիշտ է, այսօր մարդը ձգտում է ուղղել բնության հանդեպ գործած իր սխալները: Աշխատանքներ են տարվում` պահպանելու անհետացման վտանգի տակ գտնվող բույսերն ու կենդանիները` ստեղծելով արգելանոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր: Սակայն դա բավական չէ. մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է անել հնարավոր ամեն բան իրենից կախված` պահպանելու իր իսկ կյանքը:

Միջոցառումը տպավորիչ էր, հանդիսատեսը գոհ մնաց: Ինքս նրանցից մեկն էի, համոզված եմ, ինչպես ես, այնպես էլ բոլոր ներկաներն ինչ-որ չափով տեղեկություն ստացան մեր մոլորակի մասին:

Խրախուսելի են նման միջոցառումները եւ ցանկալի, որ դրանք հաճախակի լինեն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: