01/11/2025

Գոմեշի մսի գործի նախաքննությունն ավարտական փուլում է, մեղադրյալը` հիվանդանոցում

ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործով 07.05.13թ. որոշում է կայացվել ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ խափանման միջոցը փոփոխելու մասին որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Ա.Օհանջանյանը տառապում է «շաքարային դիաբետ, արյան շրջանառության սուր անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա» հիվանդություններով, գտնվելով կալանքի տակ՝ երկու անգամ սրտի կաթված է տարել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստացիոնար բուժում է ստացել: Բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է «Ձախ փորոքի առաջային պատի սրտամկանի ստորին սուր ինֆարկտ: Վաղ հետինֆարկտային ստենոկարդիա: Արյան շրջանառության սուր կանգային անբավարարություն: Զարկերակային հիպերտենզիա: Վիճակ կորոնար անոթի ստենդավորումից հետո»:

Այնուհետեւ Ա.Օհանջանյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ, սակայն, հնարավոր չի եղել ապահովել նեղ մասնագիտական բուժում, առկա չեն նաեւ նման հիվանդությամբ տառապող անձանց պարբերական հետազոտման եւ հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումները: Մեղադրյալ Ա.Օհանջանյանի կողմից միջոցներ են իրականացվել իր իսկ կողմից պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ:

Բացի այդ մեղադրյալի հետ կապված բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններն այս պահին ավարտվել են եւ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալ Ա.Օհանջանյանը չի խոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով: Վերջին նկատառումներից ելնելով փոփոխվել են նաեւ մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները:
Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում:

18 մայիսի 2013թ., aravot.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: