01/11/2025

Սյունիքում բացվեցին ծնողական կրթության կենտրոններ

Հուլիսի 30-ին «Կապանի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայում «Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների թերսնուցման նվազեցում» նախաձեռնության շրջանակներում բացվեց ծնողական կրթության կենտրոն: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի» ներկայացուցիչ Հենրիետ Արենսը եւ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ ՀՀ առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնության նպատակը Հայաստանում երեխաների թերսնուցման նվազեցումն է` ապացույցների վրա հիմնված ռազմավարությունների եւ մոտեցումների ներդրման, ինչպես նաեւ ազգային ու տարածաշրջանային պատասխանատուների եւ գործընկերների միջեւ համագործակցության ուժեղացման միջոցով:

Նախաձեռնողները հույս հայտնեցին, որ այս համագործակցությունը թույլ կտա մշակել եւ ներդնել երեխաների ու նրանց ընտանիքների առողջության բարելավմանն ուղղված արդյունավետ ռազմավարություններ եւ ծրագրեր: Նշեցին, որ մայրերի եւ երեխաների սնուցման բարելավումը հանդիսանում է հազարամյակի զարգացման նպատակների հասանելիության ապահովման առանցքային բաղադրիչներից մեկը, եւ սահմանված թիրախներին հասնելու համար «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը», որպես երեխաների առողջության ու սնուցման ոլորտներում առաջատար միջազգային կազմակերպություն, ընդլայնելու է իր ծրագրային աջակցությունը, թերսնուցման, մասնավորապես, թերաճության հիմնախնդիրը դարձնելով երկրների կառավարությունների կողմից իրականացվող եւ միջազգային կազմակերպությունների կողմից աջակցություն վայելող ազգային քաղաքականությունների հիմնական ուղղություններից մեկը:
Նախաձեռնության շրջանակներում ծնողական կրթության կենտրոններ բացվեցին նաեւ Գորիսում ու Սիսիանում:

syunik.gov.am,
31.07.2013

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: