01/11/2025

Կապանի մշակույթի կենտրոնում հոկտեմբերի 22-ին մեկնարկեց «Կյանքը կինոյի լեզվով» հարավկովկասյան կինոփառատոնը

Կապանի մշակույթի կենտրոնում հոկտեմբերի 22-ին մեկնարկեց «Կյանքը կինոյի լեզվով» հարավկովկասյան կինոփառատոնը, որ միաժամանակ անցկացվում է Աբխազիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանի չորս մարզում: Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ «Կավկադոկ» կինոփառատոնին այս տարի միացել է ««Ոսկե ծիրանը» անիվների վրա» նախաձեռնությունը, որի նպատակն է փառատոնի ֆիլմերը հասանելի դարձնել մարզերի բնակչությանը: Ինչպես նշեցին կազմակերպիչները Կապանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, քանի որ վավերագրական ֆիլմերը չեն ներկայացնում հիմնախնդրի լուծումը, այլ ներկայացնում են մի քանի տեսակետ, ուստի հանդիսատեսը կարող է արտահայտել իր կարծիքը, նկատառումներն ու զգացմունքները ցուցադրված ֆիլմերի վերաբերյալ: Կինոփառատոնի առաջին օրը ցուցադրվեց Լեւոն Քալանթարի «Հիշողություններ առանց սահմանի» ֆիլմը, որ անդրադարձ է 1915թ. ցեղասպանությունից մինչեւ Արցախյան շարժում ընկած ժամանակաշրջանի իրադարձություններին: Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում: Այնուհետեւ «Ոսկե ծիրան» փառատոնի ֆիլմերից ներկայացվեցին երկուսը` Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը» եւ Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմերը: Փառատոնի առաջին օրը մշակույթի կենտրոնում բացվել էր կապանցի երեխաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Կինոփառատոնը Կապանում անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ` «Երկյակ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: