01/12/2025

Դարբասում` փողոցային լուսավորության էներգաարդյունավետ համակարգ

Փետրվարի 20-ին ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի (ՄԷՋԾ) կողմից Դարբաս գյուղում նշվեց փողոցային լուսավորության բարելավման ծրագրի ավարտը:
Ծրագրի արդյունքները ներկայացվեցին Սիսիանի տարածաշրջանի այլ համայնքների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Միջոցառման հիմնական նպատակներից է եղել` խթանել նմանատիպ փոքրամասշտաբ ծրագրերի իրականացումն այլ համայնքների եւ կազմակերպությունների կողմից` շեշտադրելով էներգախնայող տեխնոլոգիաների շնորհիվ ստացվող ֆինանսական օգուտները: Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ-ի, ՄԷՋԾ-ի, Ուորլդ Վիժնի, Խաղաղության կորպուսի, ինչպես նաեւ հարեւան համայնքների ՏԻՄ-երի, հասարակական ու մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Դարբասի գյուղապետ Մայիս Միրզոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դոնորների աջակցության շնորհիվ նախորդ երկու տարվա ընթացքում իրենց հաջողվել է լուծել համայնքի որոշ ենթակառուցվածքային եւ սոցիալական խնդիրներ, մասնավորապես` պոլիկլինիկայի ջեռուցման եւ փողոցային լուսավորության:

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի բաժնի տնօրեն Ռիչարդ Բայասը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար` նշելով, որ համայնքի ավելի քան 2200 բնակիչ կօգտվի ծրագրի արդյունքներից: Դարբասի փողոցային լուսավորության համակարգի արդիականացման եւ բարելավման աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի ՄԷՋԾ-ի կողմից` Ուորլդ Վիժնի եւ Դարբասի գյուղապետարանի հետ համատեղ:

Գոյություն ունեցող լուսավորության համակարգը փոխարինվեց էներգաարդյունավետ, քիչ ծախսատար, մատչելի ու դիմացկուն լուսադիոդային լամպերով: Ծրագրի շնորհիվ համայնքը կկարողանա էներգիայի եւ պահպանման ծախսերի վրա խնայել տարեկան մինչեւ 2500 ԱՄՆ դոլար: Խնայողությունների հաշվին հնարավոր կլինի լուծել գյուղի այլ խնդիրներ:

ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի նպատակները միտված են Հայաստանում ջրային եւ էներգետիկ ռեսուրսների կառավարման փորձի, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված միջոցառումների բարելավմանը:

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ՄԷՋԾ-ն իրականացնում է ջրի եւ էներգաարդյունավետության մի շարք ծրագրեր տարբեր գյուղական համայնքներում, որոնց նպատակն է ներկայացնել եւ տարածել էներգետիկ եւ ջրային համակարգերի կառավարման լավագույն փորձը: Ծրագրերն իրականացվում են ջրամատակարարման, էներգաարդյունավետ լուսավորության, ջեռուցման եւ ջրատաքացման, կենսագազի եւ արեւային էներգիայի կիրառման ոլորտներում:

Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ՄԶԳ մամլո հաղորդագրությունը:

Medialab.am, 21.02.2014

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: