01/12/2025

Գորիսի քաղաքապետի ընտրությունը` հունիսի 8-ին

Գորիսի քաղաքապետի ընտրությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2014թ. հունիսի 8-ին: Դեռեւս 2013թ. հոկտեմբերի 1-ին է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել 2014թ. ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը, ըստ որի` ընթացիկ տարում ընտրության օրեր են սահմանվել մարտի 9-ը, հունիսի 8-ը, հոկտեմբերի 13-ը եւ դեկտեմբերի 14-ը:

Գորիսի քաղաքապետի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2010թ. հունիսի 20-ին, 2006թ. մայիսի 21-ին, 2003թ. հունիսի 22-ին եւ 2000թ. հուլիսի 13-ին:

Մոտ 16 հազար ընտրող ունեցող Գորիսում նախորդ ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ 50 տոկոսը: Այսպես` 2000 թվականին` 8500, 2003 թվականին` 6700, 2006 թվականին` 8107, 2010 թվականին` 8562 ընտրող:

Գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2014թ. օգոստոսի 17-ին, եթե, իհարկե, ինքը չառաջադրվի եւ չվերընտրվի կրկին կամ ժամանակից շուտ հրաժարական չներկայացնի:

Գորիսն ընդգրկված է N37 ընտրատարածքում, որի ընտրական հանձնաժողովի նախագահն Արմեն Ստեփանյանն է: Գորիսում ավանդաբար ձեւավորվում է ընտրական ինը տեղամաս:

Գորիսի քաղաքապետի ընտրությունը 2014թ. սյունիքյան քաղաքական երկու խոշոր իրադարձությունից մեկն է: Առաջին նշանակալից իրադարձությունը կլինի իշխող ՀՀԿ-ի տարածքային եւ շրջանային կազմակերպությունների ղեկավար մարմինների ընտրությունը, որ տեղի կունենա առաջիկա օրերին` ՀՀԿ հերթական համագումարի նախօրեին:

Ինչ վերաբերում է Գորիսի քաղաքապետի ընտրության շուրջ ասեկոսեներին, ինչի մասին պալատական միջանցքներից հայտնի ծպտյալներն են վաղաժամ ծնծղաներ հնչեցնում, ապա կարող ենք ասել` իրավիճակը Գորիսում ավելի քան խաղաղ է, Գորիսն ապրում է իր առօրյայով եւ, ամենակարեւորը, Գորիսն անկաղնի բացատ չէ, որտեղ մացառը կարող է գլուխ բարձրացնել, եթե նույնիսկ այդ թփաբույսի տակ շատ պարարտանյութ եւ ջուր լցվի: Ի վերջո, Գորիսում լիդեր, անհատականություն ծնվում են եւ ոչ թե նշանակվում, ընտրվում կամ պատվաստվում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: