01/10/2025

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «Մեր նպատակը կառուցողական երկխոսության ճանապարհով հարկերի ինքնուրույն վճարման մշակույթի ամրապնդումն է»

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «Մեր նպատակը կառուցողական երկխոսության ճանապարհով հարկերի ինքնուրույն վճարման մշակույթի ամրապնդումն է»

Կապանի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված հարկ վճարողներից գործունեություն է իրականացնում 2057-ը: Հաշվառված հարկ վճարողներից 2195-ը կնքել է պայմանագիր էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնելու համար: Հարկային տեսչությունում հաշվետվությունների ներկայացման ժամանակաշրջանում այլեւս հերթեր չեն գոյանում, եւ հարկ վճարողները ստիպված չեն լինում անցնել տարբեր աշխատասենյակներով: Տեխնոլոգիաների ներդրումը հարկային ոլորտում այժմ նոր հնարավորություններ ու աշխատաոճ է ենթադրում այս կառույցի համար: Կապանի ՏՀՏ պետ Ռուբեն Գեւորգյանն իր զրույցում շեշտում է, որ համակարգում հիմա առավել կարեւորվում եւ տեղ է տրվում վերլուծական աշխատանքին, ինչի արդյունքում նաեւ նվազել է ստուգումների քանակը:


ԱՅՑԵՔԱՐՏ Ռուբեն Գեւորգյան. ծնվել է 1956թ. Երեւանում: Ավարտել է Երեւանի N127 միջն. դպրոցը: 1975թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ, 1979թ. ավարտել Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում: 1979թ. աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատում, աշխատել մինչեւ 1991թ.: 1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1991 թվականից աշխատում է ՀՀ հարկային համակարգում` հարկային տեսուչ, ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ, այնուհետեւ` բաժնի պետ, վարչության պետի տեղակալ: 2010-2013թթ. աշխատել է Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետ, իսկ 2013թ.հունվարից նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Կապանի տարածքային հարկային տեսչության պետ:
ՀՀ հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:


 

– Պարո՛ն Գեւորգյան, որո՞նք են հարկային մարմինների 2014թ. աշխատանքային առաջնահերթությունները:

– ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ամեն ֆինանսական տարվա սկզբում ուղերձով դիմում է համակարգի աշխատողներին, որտեղ նշում է տարվա մարտահրավերները: Ելնելով այս տարվա ուղերձի տրամաբանությունից` ասեմ, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի համար 2014-ը հայտարարվում է ռիսկերի կառավարման վրա հիմնված հարկային եւ մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման տարի, հարկ վճարողների ինքնահայտարարագրման ամրապնդման տարի, որն ուղեկցվելու է ստվերի դեմ պայքարի գործուն մեխանիզմների կիրառմամբ, նաեւ` վերլուծական կարողությունների հզորացման, Մաքսային միությանն անդամակցության հետ կապված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման, մաքսային ընթացակարգերի ավտոմատացման տարի:

– Կառուցվածքային փոփոխություններ եղե՞լ են Ձեր ղեկավարած կառույցում, ի՞նչ տարածք եք այժմ սպասարկում, եւ ի՞նչ թվային տվյալներ ունեք 2014-ի առաջին եռամսյակի ամփոփումից:

– Փոփոխությունն այն էր, որ Մեղրու ՏՀՏ-ն միացավ Կապանի ՏՀՏ-ին, եւ հիմա Կապանի ՏՀՏ-ն սպասարկում է այդ երկու տարածաշրջանը: Որպեսզի ինչ-ինչ հարցերի դեպքում հարկատուները չհասնեն Կապան` Ագարակ եւ Քաջարան քաղաքների «Հայփոստ»-ի բաժանմունքներում ունենք նաեւ հարկ վճարողների սպասարկման կետեր:

Նշեմ, որ տեսչությունում հաշվառված հարկ վճարողներից գործունեություն իրակացնողների թիվը 2057 է, որոնցից 573-ը կազմակերպություններ են, իսկ 1484-ը` անհատ ձեռնարկատերեր: Գործող հարկ վճարողներից 181-ը ԱԱՀ վճարող է, 1278-ը` շրջանառության հարկ վճարող, 292-ը` արտոնագրային վճար վճարող, 63-ը` հաստատագրված վճար վճարող, 243-ը` ՀՈԱԿ, ՊՈԱԿ, ՀԿ:

2014թ. առաջին եռամսյակում Կապանի ՏՀՏ-ն 1309.3 մլն դրամ փաստացի մուտք է ապահովել պետական բյուջե: Նշեմ, որ 2013թ. ունեցել ենք 6517.5 մլն դրամ, իսկ 2012թ.` 5513.5 մլն դրամ փաստացի մուտք:

– Ո՞րոնք են Կապանի ՏՀՏ սպասարկած տարածքի խոշոր հարկատուները, որոնց հարկերի վճարումը Ձեր տիրույթում չէ:

– Խոշոր ընկերությունները, որոնց տարեկան իրացման ծավալը գերազանցում է 1 մլրդ դրամը, հաշվառված են խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում: Դրանք ընտրվում են մի քանի չափանիշներ հաշվի առնելով` վճարած հարկեր, աշխատողների թվաքանակ եւ այլն: Մեր կողմից սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպություններից` Ագարակի, Քաջարանի եւ Կապանի հանքարդյունաբերական ձեռնարկությունները հաշվառված են խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում, 2013թ. եւս հինգ կազմակերպության հաշվառումը տեղափոխվել է այնտեղ:

– Պարո՛ն Գեւորգյան, հարկատուներն այսօր հնարավորություն ունե՞ն ժամանակին եւ պատշաճ կերպով տեղեկանալու հարկային ոլորտի օրենսդրական փոփոխությունների մասին:

– Իհարկե, դրանք տեղադրվում են մեր պաշտոնական կայքում, դրանց մասին իրազեկվում են ԶԼՄ-ների միջոցով, հրապարակվում են «Պաշտոնական տեղեկագրում»: Այսօր ցանկացած տիպի տեղեկատվություն առավել մատչելի է: Բացի հրապարակումներից, մենք նաեւ սեմինար-խորհրդակցությունների միջոցով իրազեկում ենք հարկ վճարողներին: Հարկային տեսչությունում տեղեկատվական վահանակին տեղադրվում են բոլոր կարեւոր նորություններն ու փոփոխությունները, ու այստեղ այցելուները կարող են ծանոթանալ դրանց:

– Եվ քանի որ փոփոխություններից խոսեցինք, ի՞նչ է իրենից ներկայացնում մեկ տարի առաջ ուժի մեջ մտած շրջանառության հարկը:

– 2013-ի հունվարի 1-ից գործում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Այն որոշակի ոլորտների համար է, մասնավորապես` փոքր բիզնեսի: Շրջանառության հարկ վճարող են համարվում անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 58,35 մլն դրամը:

Փոքր բիզնեսի կազմակերպման առումով այն հարմար հարկատեսակ է: Հարկ վճարողները հաշվառումը նախկին ձեւով չեն վարում, այլ ավելի պարզեցված ձեւով` իրացման ծավալի որոշակի տոկոս վճարում են բյուջե: Իհարկե, կան բացառություններ, երբ այդ նույն ծավալի շրջանառություն ունեցող հարկ վճարողները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ, քանի որ գործունեության որոշ տեսակների եւ որոշակի պայմանների դեպքում կիրառվում են հարկման այլ ռեժիմներ:

– Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներդրման համակարգը որքանո՞վ է նվազեցրել հարկային մարմին-հարկատու ֆիզիկական շփումները:

– Ասեմ, որ դրանք կտրուկ նվազել են: Տեսչությունում հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվետվությունները, հաշվարկներն ընդունվում են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով: Հետագայում բացառապես կանցնենք էլեկտրոնային տարբերակին: Իհարկե, իսպառ չենք բացառում շփումները: Հարկ վճարողները պարզաբանումներ ստանալու նպատակով կարող են այցելել տեսչություն: Նշածս թվերից էլ երեւում է, որ այժմ մեզ մոտ հաշվետվությունների մեծ մասը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:

– Յուրաքանչյուր տեխնիկական նորամուծություն նվազեցնում է մարդկային գործոնը, էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո աշխատողների կրճատում եղե՞լ է:

– Կրճատում չի եղել, որոշակի վերադասավորումներ եղան: 2014թ.մարտ ամսին լուծարվեց Մեղրու տարածքային բաժինը, իսկ Կապանի ՏՀՏ-ում ստեղծվեց նոր` հարկ վճարողների սպասարկման բաժին:

– Ստուգումների պրակտիկան այսօր ինչպիսի՞ն է:

– Մեր օրենսդրությունը քայլառքայլ փոխվում է դեպի այն, որ գործարարն ազատ գործի, ու հարկային տեսչությունն անհարկի չմիջամտի նրա գործերին: Այսօր մեզ մոտ ստուգումների քանակը բավականին նվազել է: Գործընթացը հետեւյալն է. վերլուծությունների արդյունքում վեր են հանվում ռիսկային կազմակերպությունները: Այն հարկ վճարողները, որոնք իրենց գործունեության մեջ ունեն որոշակի ռիսկեր կամ խնդիրներ, իրազեկվում են` հնարավորություն ունենալով շտկելու դրանք: Կարող են արձագանքել իրազեկմանը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել, կարող են չարձագանքել: Գործում է ծանուցումների եռաստիճան համակարգ: Եվ երրորդ ծանուցումից հետո միայն, եթե հարկ վճարողի կողմից արձագանք չի լինում, դասվում է ռիսկային հարկ վճարողների շարքին եւ հետագայում ենթակա է ստուգման: Այս մեթոդիկան կիրառելու արդյունքում ստուգումները բավականին նվազել են: Ի վերջո, հնարավոր է, որ հարկ վճարողը պարզապես ուշադիր չի եղել, ու իրազեկումը հնարավորություն է տալիս, որ ուղղի իր թույլ տված սխալը: Հարկային տեսչության նպատակը ստուգելն ու պատժելը չէ, այլ հնարավորություն տալը հարկ վճարողին` շտկելու իր թերացումները եւ բացթողումները:

– Ձեր ամփոփագրերի եւ վերլուծությունների արդյունքում տիրապետում եք սպասարկվող տարածքի տնտեսական վիճակին. կարո՞ղ եք ասել, թե այժմ այս տարածաշրջանում ինչպիսին է փոքր եւ միջին բիզնեսի վիճակը, այն զարգացո՞ւմ, թե՞ նահանջ է գրանցում:

– Այստեղ այդ հարցում որոշիչ, վճռորոշ դեր ունի «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն: Նրան տարբեր ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպություններ հաշվառված են Կապանի ՏՀՏ-ում: Այդ ձեռնարկություններն աշխատում են անմիջականորեն «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի պատվերով, եւ նրանց կարգավիճակը պայմանավորված է կոմբինատի ֆինանսական դրությամբ: Որպես հետեւանք աշխուժանում է առեւտրի եւ սպասարկման ոլորտը: Եվ սա մի փոխկապակցված կուռ շղթա է: Նախորդ տարվա 4-րդ եռամսյակից սկսած` զգում ենք, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն սահմանափակել է պատվերները, նրա ենթակառուցվածքների կողմից իրականացվող աշխատանքների ծավալները բավականին նվազել են, ու, բնականաբար, դրա «արձագանքը» տեսանելի է այլ ոլորտներում եւս: Այս տարածաշրջանում հանքարդյունաբերությունը գերակա ճյուղ է, եւ դրա հետ անուղղակի եւ ուղղակի կապ ունեն բոլոր ոլորտները:

– Իսկ պետբյուջեի հանդեպ ի՞նչ հարկային պարտավորություններ ունի այսօր գյուղացին:

– Գյուղացին միայն հողի հարկ եւ գույքահարկ է վճարում համայնքային բյուջե: Ազատ է իր կողմից արտադրած մթերքն իրացնելու հարցում եւ որեւէ խնդիր չունի հարկային տեսչության հետ:

– Դուք նաեւ կազմակերպությունների աշխատողների թվաքանակից եք տեղյակ. ի՞նչ են ցույց տալիս ներկա միտումները` նվազո՞ւմ, թե՞ ավելանում է զբաղված անձանց թիվը:

– Ասեմ, որ աշխատողների թվաքանակն ավելացել է, բայց այդ ավելացումը համարել գործազրկության նվազում եւ զբաղված անձանց ավելացում` այնքան էլ ճիշտ չի լինի: Դա նաեւ արդյունք է այն բանի, որ կարեւորում ենք ստվերի դեմ պայքարը, եւ դրանում ունենք որոշակի հաջողություն: Եթե իրական զբաղվածներին բացահայտելուց հետո նրանց գրանցում են որպես աշխատող, կամ եթե օրենսդրական դաշտն այսօր այնպիսին է, որ աշխատողը շահագրգռված է եւ ստիպում է գործատուին իրեն գրանցել որպես աշխատող, դա բերում է աշխատողների թվի ավելացման: Այնպես որ, դա նաեւ վարչարարության արդյունք է, եւ լուրջ վերլուծության կարիք կա իրական պատկերը պարզելու համար: Ավելացել է նաեւ միջին աշխատավարձը, բայց էլի հակված եմ նույն կերպ մտածել. հարց է` իրականում մարդկանց կենսամակարդակը բարելավվե՞լ է, թե՞ վարչարարության եւ ստվերի դեմ պայքարի արդյունքում իրական աշխատավարձն են ցույց տալիս:

– Իսկ վերադասը, ՏՀՏ-ների աշխատանքը գնահատելիս, ի՞նչ չափանիշներ է հաշվի առնում:

– Տարբեր չափորոշիչներ կան. ՏՀՏ-ին ամենամսյա ծրագրային առաջադրանք է տրվում, եւ դրա կատարումը շատ կարեւոր ցուցանիշ է աշխատանքի գնահատման համար: Մեկ այլ կարեւոր չափորոշիչ է գերավճարների նվազեցման ցուցանիշը, այսինքն` գերավճարներ ունենալն առհասարակ բացասական երեւույթ է համարվում: Ապառքների կրճատումը եւս կարեւոր ցուցանիշ է: Նշեմ, որ Կապանի ՏՀՏ-ում ապառքների մասով, չասեմ փայլուն, բայց բավականին շահեկան վիճակում ենք: Իմիջիայլոց, Կապանում գրանցված հարկ վճարողները բավականին քաղաքակիրթ եւ օրինապահ են, ու շատ հաճելի է աշխատել այն միջավայրում, որտեղ մարդիկ հարգում են օրենքը:

– Ի՞նչ գնահատական կտաք Ձեր աշխատողների պատրաստվածությանը, համալրվա՞ծ եք արհեստավարժ կադրերով:

– Մեր աշխատակազմը բավականին պատրաստված է, չնայած բոլոր կոլեկտիվներում էլ կան խնդիրներ, եւ բոլորն էլ կուզենային ավելի կատարյալ թիմ ունենալ: Դժգոհ չեմ: Մեր աշխատակիցները գիտակցում են, որ շատ լուրջ աշխատանք են կատարում: Հարկերի ժամանակին և ճիշտ վճարմամբ լուծվում են համապետական հարցեր:

– Պարո՛ն Գեւորգյան, իսկ վերեւներում, երբ հարկային ոլորտում օրենսդրական փոփոխություններ են կատարում, Ձեր ձայնը լսո՞ւմ են, դրանք քննարկո՞ւմ են հարկային տեսչությունների աշխատակիցների հետ:

– Իհարկե, առաջարկներ ենք ներկայացնում, շատ օրենսդրական փաթեթների քննարկմանն ենք մասնակցել, մեր կարծիքը հայտնել: Պետական եկամուտների կոմիտեում հիմա գործում է նաեւ «կլոր սեղան», որի շուրջ քննարկվում են տեղերից բարձրացված հարցերը եւ օրենսդրական նախագծերը:

– Եվ վերջում` հարկային-հարկատու հարաբերություններն այժմ ի՞նչ որակի հանգրվան են հասել:

– Մենք հիմա փորձում ենք ավելի քիչ շփումներ ունենալ հարկ վճարողների հետ, շեշտադրումն այժմ վերլուծական աշխատանքների վրա է, որը հարկ վճարողին տեսանելի չէ: Եթե հարկատուն հարկային խնդիրներ չունի, նորմալ կատարում է իր պարտավորությունները, ապա իր համար հանգիստ աշխատում է` առանց զգալու ավելորդ լարվածություն: Այսինքն` վերլուծական աշխատանքը մեր առաջնային ուղղություններից է: ՊԵԿ-ում գործում է նաեւ «Թեժ գիծ», որից օգտվում եւ իրենց բողոքներն են հայտնում հարկային համակարգից դժգոհություն ունեցողները:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: