10/29/2020

Համայնքները խոշորացնելուց առաջ կառավարությունը պետք է հարցնի բնակչության կարծիքը

Համայնքները խոշորացնելուց առաջ կառավարությունը պետք է հարցնի բնակչության կարծիքը

Մեղրի քաղաքային համայնքի առջեւ ծառացած խնդիրների, ներկայումս ներքին ջրատար ցանցում կատարվող վերանորոգման աշխատանքների ու հետագա անելիքների մասին է զրույցը Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ:


 

– Պարո’ն Հովհաննիսյան, հարկ ենք համարում եւս մեկ անգամ անդրադառնալ համայնքների խոշորացման վերաբերյալ Ձեր դիրքորոշմանը:

– Ճիշտն ասած, համայնքների խոշորացման հարցում իմ կարծիքը միանշանակ է. այն հատկապես Մեղրու տարածաշրջանին որեւէ օգուտ չի կարող տալ: Մեղրին սահմանային քաղաք է, եւ նրա դերն ու նշանակությունը կառավարությունը պետք է հստակ պատկերացնի: Բացի նրանից, որ այստեղ գյուղացին զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով` նա նախ եւ առաջ սահմանապահ զինվոր է: Մեր տարածաշրջանի գյուղերում պիտի վառվող լույսեր ավելացնեն եւ ոչ թե նվազեցնեն: Հասկանալի է, որ համայնքների խոշորացմամբ տարեկան տնտեսվում է 83 մլն դրամ, բայց չէ՞ որ այդ գյուղական համայնքներում ապրում է 4500 մարդ: Գյուղացուն կտրելով հողից` նրան ակամայից դարձնում ենք սպառող, այդ դեպքում ո՞վ պետք է արտադրի, որ նա սպառի: Իսկ այն կարծիքը, որ գյուղում ավելի հեշտ է ապրել, չի պայմանավորվում գյուղացու կյանքի հեշտությամբ, քանի որ գյուղում միշտ էլ ընդհանուր է չարքաշ կյանքը: Հայաստանի Հանրապետության գյուղերի մեծ մասում համատարած աղքատություն ու չքավորություն է, պետք է ձգտեն դա վերացնել: Ես այն կարծիքին եմ, որ կառավարությունը նախքան իր որոշումը կայացնելը պետք է ժողովրդից կարծիք հարցնի: Եթե այս պահին ասեմ, որ լիովին համամիտ եմ համայնքների խոշորացման ծրագրին, համոզված եմ, կդառնամ ժողովրդի թշնամին:

– Սյունիքի մարզի տարածաշրջանում արձանագրված եղանակային շեղումներն ինչպիսի՞ հետեւանքներ ունեցան Մեղրի քաղաքի համար:

– Ցավալի է, բայց պետք է մտահոգությունս հայտնեմ առ այն, որ ես չեմ պատկերացնում, թե այս տարի մեղրեցին ինչպես պիտի ապրի: Մեղրին, ճիշտ է, համարվում է քաղաքային համայնք, բայց բնակչությունը մեծ մասամբ զբաղվում է այգեգործությամբ, մասնավորապես պտղաբուծությամբ: Եղանակային տատանումների հետեւանքով այս տարի ծիրանի մասին կարող ենք մոռանալ, ինչպես նաեւ 60%-ով եւ ավելի ցրտահարվել են արքայանարինջը, թուզը: Միանգամից ցրտահարվել են արեւադարձային կուլտուրաներից զեյթունը, կիվին, մուշմուլան: Դժբախտաբար, դժվար է պատկերացնել, թե մարդիկ որտեղից եկամուտներ պիտի ստանան, բայց մեղրեցիները քչով բավարարվում են, մեկ մյուսին օգնելով` դուրս կգան ստեղծված վիճակից:

– Վնասի փոխհատուցման ուղղությամբ աշխատանք տարվո՞ւմ է:

– Ցրտահարությունից հետո այցելելով բնակիչներին` ծանոթացել ենք ստեղծված իրավիճակին: Վնասի չափը որոշվել է եւ ներկայացվել Սյունիքի մարզպետարանի համապատասխան վարչություն: Հուսով եմ, փոխհատուցում կլինի, բայց թե որքան, չեմ կարող ասել:

– Վերջին 1-2 տարում Մեղրու ոռոգման ջրի համակարգում որեւէ էական փոփոխություն արվե՞լ է, թե՞ ոչ:

– Մեղրի քաղաքի համար հնարավոր չէ առանձնացնել ոռոգման եւ խմելու ջրի ցանցերը, քանի որ խմելու ջուրը կախված է նրանից, թե ինչպես է կազմակերպվում ոռոգման աշխատանքը, այսինքն` քաղաքում կան հատվածներ, որտեղ բնակիչները, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության հետ պայմանագիր կնքելով, տարվա որոշ ամիսներին խմելու ջրից զեղչված սակագներով ոռոգման համար ջուր են ստանում: Բարեբախտաբար, պիտի նշեմ, որ ներկայումս Մեղրիում լուծում է ստանում մի հարց, որ տարիներ շարունակ անհանգստացրել է բնակչությանը: Քաղաքի ջրամատակարարման համակարգը ծայրից ծայր փոխվում է, որի ծախսերը հոգում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը: Նախնական պայմանավորվածության համաձայն` ցանցը 100 տոկոսով կբարեփոխվի, իսկ գումարի չափը պայմանավորված է աշխատանքային ծավալով: Կմաքրվեն եւ կանցնեն լիարժեք շահագործման նաեւ քաղաքի 3 ջրամբարները: Նախատեսվածի համաձայն` կվերականգնվի նաեւ աշխատանքների ընթացքում քանդված ասֆալտապատ տարածքը: Հավանաբար խմելու ջրատար ցանցի վերափոխման աշխատանքների ընթացքում դուրս բերված խողովակներով քաղաքապետարանը կփոխի նաեւ ոռոգման ջրատար համակարգը: Աշխատանքներն իրականացվում են Մեղրու «ՃՇՇՁ» ՍՊ ընկերության կողմից, իսկ եթե հաշվի առնենք տնօրեն Ազատ Գասպարյանի` աշխատանքի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունը, ապա որակն ապահովված է:

– Ինչպե՞ս լուծվեց Մեղրու ներքին ջրատար ցանցի` համայնքային սեփականություն դարձնելու կամ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը հանձնելու վիճահարույց հարցը:

– Բանակցություններից եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ փոխհամաձայնության գալուց հետո նպատակահարմար գտանք եւս 15 տարով պայմանագիր կնքել ընկերության հետ: Պայմանագիրը, որը պետք է կնքվեր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ 35 տարով, բարոյական չէի կարող համարել, քանի որ գալիք սերունդների փոխարեն ես իրավունք չունեմ պայմանագիր կնքել:

– Մեղրի գետի հունին միջամտելու հետ կապված նախագծային աշխատանքներն ի՞նչ փուլում են:

– Մեղրի գետի այն հատվածում, որ հոսում է անմիջապես Մեղրի քաղաքի վարչական տարածքով, ներկայումս ոչ մի աշխատանք չի տարվում:

– Հնարավոր չէ՞ արդյոք կասեցնել ծրագրի իրագործումը, քանի որ բնակչության մեծ մասը, դատելով նախորդ տարիներին գրված դիմումներից, դեմ է այդ ծրագրին:

– Կան ծրագրեր, որոնք կյանքի կոչվելով այնքան էլ չեն ոգեւորում, գուցե սա էլ նմանատիպ մի ծրագիր է: Տարբեր կարծիքներ են հնչում, ամեն դեպքում այն կասեցնելու ուղղությամբ մեր կողմից որոշակի աշխատանքներ են տարվում:

– Բազմիցս տարբեր ատյաններում ահազանգել են Մեղրու առջեւ ծառացած բնապահպանական խնդիրների մասին: Ինչպե՞ս եք գնահատում Մեղրու բնապահպանական վիճակը:

– Ես այն կարծիքին եմ, որ շրջանում հանքարդյունաբերական ձեռնարկություն հիմնադրելու օրվանից Մեղրին ունի բնապահպանական լուրջ խնդիրներ, բայց մյուս կողմից էլ այն մեղրեցուն աշխատանքով ապահովող հիմնական ոլորտն է: Նոր հանքավայրեր շահագործելուն զուգահեռ այդ խնդիրներն ավելի են սրվում:

– Հատկապես ո՞ր կազմակերպությունների հետ եք առավել շատ համագործակցում:

– «Քարդ» (Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման հիմնադրամ) կազմակերպության աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում կատարել ենք մի շարք ներդրումներ: «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հետ սերտ հարաբերություններ ենք հաստատել, որի աջակցությամբ վերջերս վերանորոգեցինք Մեղրու երաժշտական դպրոցը: Համայնքի զարգացման գործում մեծ է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ներդրումը: Ներկայումս նախատեսում ենք ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության Մեղրու հիվանդանոցի նախկին շենքի տարածքը դարձնել բնակելի թաղամաս` 34-36 ընտանիքի ապահովելով բնակարանով: Պետք է նշեմ, սակայն, որ առանց շենքի պատկանելության հարցի լուծման սկսել ենք նախագծային աշխատանքները: 15 մլն դրամ տրամադրել է ԶՊՄԿ-ն, նախատեսվում է վերանորոգել շենքի տանիքը, պատշգամբներ ավելացնել, մի խոսքով` ամեն հնարավորն անել բնակարանային պայմաններին հարմարեցնելու համար: Շենքն ամենայն հավանականությամբ շահագործման կհանձնվի 2014թ. վերջին, իսկ բնակարանները կվաճառվեն շուկայական գներից 3-4 անգամ ավելի էժան:

– Ինչպե՞ս են ընթանում Մեղրու հիվանդանոցի նոր շենքի կառուցման աշխատանքները:

– Այդ առումով պատկերն այնքան էլ ոգեւորիչ չէ, քանի որ աշխատանքներն ընթանում են նախատեսվածից ավելի դանդաղ, չնայած շենքը պիտի շահագործման հանձնվի 2015թ. կեսերին:

– Առանձնացրեք, խնդրեմ, Մեղրու առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մի քանիսը:

– Քաղաքի համար կարեւորագույն խնդիր էր խմելու ջրի ներքին ցանցի փոփոխումը, որ, ինչպես արդեն նշեցի, ընթացքի մեջ է: Այժմ առաջնային է հիվանդանոցի շենքի կառուցման, քաղաքի բնակիչների գազամատակարարման հարցը, որը, իմ ունեցած տեղեկություններով, 2015թ. պիտի լուծում ստանա: Իմ կարծիքով` քաղաքի գազամատակարարման հարցում նախագծային աշխատանքները պիտի ավարտված լինեն: Առաջնային խնդիրներից է նաեւ մշակույթի կենտրոնի վերանորոգումը:

– Ի՞նչ կասեք ՏԻՄ օրենքի մասին, այն ազատ գործունեություն ծավալելու հնարավորություն տալի՞ս է, եւ առհասարակ ի՞նչ խանգարող հանգամանքների եք բախվում:

– Կարծում եմ, եթե ՏԻՄ օրենքին լիարժեք տիրապետես, որեւէ խնդիր չի առաջանա: Թերեւս պետք է նշեմ, որ ամենախանգարող հանգամանքներից մեկն ավելորդ թղթաբանությունն է: Ես այն կարծիքին եմ, որ շատ հարցեր կարելի է բանավոր լուծել:

– Համայնքային բյուջեով հնարավո՞ր է գլոբալ հարցեր լուծել:

– Ցավալի է, բայց կարելի է ասել, որ բյուջեն երբեմն միայն աշխատավարձ տալուն չի բավականացնում: Հիմնականում համայնքային հարցերը լուծում ենք տարբեր ծրագրերի ներդրումներով: Բացի դրանից` սեփական եկամուտներն ավելացնելու համար քաղաքում վաճառելու համար թեկուզ մեկ քառակուսի մետր ազատ տարածք չունենք: ԶՊՄԿ-ի կողմից վարչական ծախսերի համար տրամադրված 30մլն դրամ գումարից այս տարի տնտեսել ենք 10 մլն դրամ` շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով: Հույս ունեմ, որ հաջորդ տարի նույնպես որոշակի գումար խնայելով` հնարավոր կլինի որեւէ գլոբալ հարց լուծել:

– Մեղրին մեր հանրապետության համար դարպաս է եւ ունի մեծ նշանակություն: Հետաքրքիր է` սահմանամերձ լինելն ինչ-որ առումով առավելություն տալի՞ս է:

– Հատուկ մշակված ծրագիր եւ դիրքորոշում Մեղրու` որպես սահմանամերձ տարածաշրջանի, նկատմամբ չկա: Մեղրեցին, լինելով սահմանային բնակիչ, ոչ մի առավելություն դեռեւս չունի: Մինչ քաղաքապետ դառնալս մտածում էի Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծել, ներկայումս, կարծես թե ինքս էլ եմ հասկանում, որ դա իրականություն դարձնելը շատ դժվար կլինի: Միաժամանակ Մեղրին դարձել է մի համայնք, որտեղ բնակիչները յուրաքանչյուր հարցի տալիս են միասնական լուծում: Ինձ ոգեւորում է այն փաստը, որ հատկապես համայնքի զարգացմանն առնչվող հարցերին մեղրեցիները միասնական են մոտենում: Դրա վկայությունը Փարամազի արձանի շրջակա տարածքի բարեկարգման, կանաչապատման աշխատանքներն են, որոնք մեկ ամսից ավելի պիտի տեւեին, բայց ժողովրդի աջակցության շնորհիվ ընդամենը մեկ օրում ավարտվեցին: Իմ կարծիքով, եթե մարդիկ տեսնում են հետեւողական աշխատանք, ապա արդյունքն ակնհայտ է լինում:

– Գրեթե երկու տարի է` համայնքի ղեկավար եք, կարելի է ասել, որ լիովին տիրապետում եք իրավիճակին: Աշխատելիս հիմնականում ի՞նչ խնդիրների եք հանդիպում:

– Աշխատանքի ընթացքում, բնական է, որ շատ խնդիրներ են առաջանում, բայց պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ ժողովուրդն ի սկզբանե կանգնեց իմ թիկունքին: Մեղրեցիների, հատկապես երիտասարդների աջակցությունը չթողեց, որ աշխատանքում զգամ իմ անփորձությունը: Իմ կայացման գործում կարեւոր էր նաեւ այն, որ առաջին օրվանից շրջապատվել եմ փորձառու մարդկանցով, եւ հիմա վստահաբար կարող եմ ասել, որ իմ ընտրվելն ինքնանպատակ չէր: Ես գնացի ժողովրդի մոտ, այլ ոչ թե ժողովուրդը եկավ, եւ համարձակվում եմ ասել, որ Մեղրու քաղաքապետարանում ներկայումս աշխատում է 3000 մարդ: Ժողովրդի հետ համագործակցելու, նրանց կարծիքը հաշվի առնելու, առաջացած խնդիրներին միասնական լուծում տալու շնորհիվ իմ գործունեության ընթացքում ծագած խնդիրներն ավելի հեշտ լուծելի են թվում: Քաղաքի լուսավորությունն ու մաքրությունը գերազանց մակարդակի վրա են, վերելակներն անխափան են աշխատում, իսկ եղանակի տաքանալուն զուգահեռ ջրցան մեքենաները կանցնեն աշխատանքի: Ճիշտ է, մանկապարտեզում էական շինարարական աշխատանքներ չենք կատարել, բայց ջեռուցման հարցի լուծման եւ ներքին որոշակի աշխատանքների շնորհիվ այս տարի սաների թիվը զգալիորեն ավելացել է: Մի խոսքով` համայնքային հնչեղության հարցերն իմ եւ ժողովրդի ջանքերով աստիճանաբար լուծում են ստանում:

Հարցազրույցը`ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: