09/23/2020

Գորայքում զարգացման նոր հեռանկարներ են բացվել

Գորայքում զարգացման նոր հեռանկարներ են բացվել

ԱՌՈՒՍՏԱՄ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. ծնվել է 1958թ. Սյունիքի մարզի նախկին Բազարչայ գյուղում: 1985թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական պետական ինստիտուտը եւ ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում: 1985-88թթ. աշխատել է Սիսիանի պետական տոհմային խոզաբուծական տնտեսությունում, 1988-91թթ.` Գորայքի պետական տնտեսությունում` ինժեներ-մեխանիկ: 1991-96թթ. Գորայքի գյուղխորհրդի նախագահ է եղել: 1996-2005թթ. աշխատել է Գորայքի գյուղապետարանում` աշխատակազմի քարտուղար, իսկ 2005թ. առ այսօր Գորայքի գյուղական համայնքի ղեկավարն է:


 

Գորայքը (նախկինում` Բազարչայ) գտնվում է Սիսիան-Երեւան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում` Ամուլսարի արեւելյան լանջերին հարող մի սարահարթի, ծովի մակերեւույթից 2150 մ բարձրության վրա` Սիսիանից 35 կմ արեւմուտք: Գյուղը կառուցվել է Որոտանի կասկադի շինարարության կապակցությամբ, որովհետեւ նախկին գյուղը` Բազարչայը, մնացել է Սպանդարյան ջրամբարի տարածքում: Բազարչայը տարածված էր Որոտանի վերին հոսանքի ձախափնյա մասում` շրջապատված մարգագետիններով ու արոտավայրերով: Լինելով Սյունիքի, Վայոց ձորի եւ Նախիջեւանի սահմանների հանգուցակետում` Բազարչայը դարձել էր անասունների եւ գյուղատնտեսական մթերքների վաճառքի կենտրոնատեղի եւ այդ մենաշնորհը պահպանեց մինչեւ 1960-ական թվականները` նաեւ շնորհիվ մոլոկանների: Բավականին երկար ժամանակ Բազարչայը դատարկվել էր եւ միայն 1877թ. վերաբնակեցվեց մոլոկաններով, որոնց ցարական իշխանությունները բերել էին Շուշվա Բալուջա գյուղից: Այդ ժամանակ իշխանությունները տանում էին այնպիսի քաղաքականություն, որի համաձայն` կայսրության ծայրամասերի աշխարհագրաստրատեգիական բոլոր կարեւոր կետերում պիտի բնակություն հաստատեին ռուսները: Եվ քանի որ կամավոր սկզբունքով հնարավոր չէր իրականացնել այդ քաղաքականությունը, ծայրամասեր էին աքսորում աղանդավորներին: 20-րդ դարի սկզբին հեղափոխական բախումների եւ քաղաքական այլ պատճառներով մոլոկաններն աստիճանաբար լքեցին Բազարչայը` իրենց տները հանձնելով հայերին: Այստեղ բնակություն հաստատեցին հայ-թուրքական ընդհարումներից տուժած հայկական տարբեր գյուղերի բնակիչներ: 1950-ական թվականներին մոլոկանները վերջնականապես լքեցին Բազարչայը` թողնելով իրենց նախնիների գերեզմանների ռուսական տապանագրերը: Ներկայումս Գորայքն ամբողջովին հայաբնակ է:

ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԸ

2010թ. հոկտեմբերին ՀՀ հողային օրենսդրության մեջ կատարվեցին որոշակի փոփոխություններ, եւ Գորայքը դարձավ ՀՀ այն բացառիկ գյուղերից մեկը, որն ունի հողային մեծ ռեսուրսներ: Ներկայումս գյուղի վարչական տարածքը կազմում է 21.700 հեկտար, որից 1900 հա վարելահող, 900 հա խոտհարք, 14.700 հա արոտավայր: Գյուղը մի կողմից սահմանակից է Վայոց ձոր մարզին, մյուս կողմից` ԼՂՀ-ին: Հողային հաշվեկշռում փոփոխություններ կատարելու արդյունքում միավորեցին 6 գյուղական համայնքների հողերը, որոնց մեջ էին մտնում նաեւ մոլոկանների հեռանալուց հետո կառավարության որոշմամբ հայերին տրված հողերը: Ներկայումս օգտագործվում է գյուղի հողային ֆոնդի 40%-ը, բայց տարեցտարի հատկապես արոտավայրերի օգտագործման աճ է նկատվում: Սիսիանի եւ Գորիսի շրջանի գյուղական համայնքների հոտերին հիմնականում հունիս-սեպտեմբեր ամիսներին արոտավայրեր են տրամադրվում վարձակալությամբ` 1 հա-ի համար միջին հաշվով 2250 դրամ: Գյուղապետն իրավունք ունի առանց միջնորդ կազմակերպության, ուղղակիորեն պայմանագիր կապել արոտավայրի շահառուի հետ: Վերջերս հուշագիր էր ստորագրվել Սյունիքի արոտավայրերն իրանական կողմին վարձակալությամբ հանձնելու մասին, որը, սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, իրականություն չդարձավ, մինչդեռ գյուղապետը հավաստում է. «Գորայքի տարածքի հողերի մի մասը` որպես արոտավայր, պարսիկների կողմից օգտագործելուն այն ժամանակ դեմ չէի, քանի որ մեր տարածաշրջանից արոտավայր վարձակալելու ցանկացող գրեթե չկար: Գորիսի շրջանից ընդամենը 5 հոտ էր գալիս, որ, վարձակալելով 100 հա տարածք, վնասում էր 500 հա: Ներկայումս մեր արոտավայրերը բավականացնում են Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանի հոտերին ու նախիրներին: Շուտով վարձակալությամբ 700 հա արոտավայր տրամադրելու պայմանագիր պիտի կապենք ԶՊՄԿ-ի հետ: Կարծում եմ` այսքանով հանդերձ մեր արոտավայրերը հազիվ բավականացնեն մեր պահանջները»:

Եթե հետադարձ հայացք ձգենք պատմական Բազարչայ գյուղին, ապա անասնապահությունը կարելի է համարել այդ գյուղի խորհրդանիշներից մեկը: Ժամանակին Բազարչայ գյուղն արտադրում էր այնքան կաթ, որքան Վայքի շրջանի բոլոր գյուղերը միասին, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ծղուկ եւ Գորայք գյուղերը մսով եւ կաթնամթերքով օժանդակել են բանակին: Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների լայնածավալ մշակում գրեթե չկա. «Գյուղացին հողից օտարվել է եւ բավարարվում է միայն բնության տվածով: Դրան նպաստող գործոններ շատ կան, ինչպես ասենք` բնակլիմայական պայմանները, սերմի տեսակների ոչ բերքատու եւ ոչ դիմացկուն լինելը, գյուղացու անվճարունակությունը»:

Այժմ գյուղում կա 2000 խոշոր եղջերավոր անասուն (խորհրդային տարիների վերջին շրջանում` 1500), մանր եղջերավոր` 1700-1800: Անասունների գլխաքանակը հիմնականում ավելացել է այն պատճառով, որ գյուղացին շահավետ գնով չի կարողացել մթերել միսը: Կաթի մթերման խնդիր գյուղացիները գրեթե չունեն, քանի որ ենթաշրջանում կան կաթի հավաքման եւ մշակման մի քանի կայաններ. «Մեկ լիտրը 150 դրամով են տանում, առավել խոշոր մթերող է «Աշտարակ կաթ» ընկերությունը, որն օրական 10-12 տոննա կաթ է մթերում: Մսի մթերումը հիմնականում կատարվում է եզդիների կողմից. գառան միսը տեղում գնում են 2200 դրամով: Կապանի նորակառույց սպանդանոց առայժմ ոչ մի գյուղացի ոչխար չի տարել, քանի որ ճանապարհը երկար է, եւ կենդանին կորցնում է իր քաշը, բայց շահավետ պայմանների առաջարկման դեպքում հնարավոր կլինի»:

Տարվա այս ժամանակահատվածում, երբ նախիրներն ու հոտերը տեղափոխում են արոտավայրեր (յայլաղներ), հավանական է նաեւ անասունների շրջանում տարափոխիկ հիվանդությունների տարածումը: Գյուղապետի հավաստմամբ` ներկայումս հիվանդությունների տարածման որեւէ լուրջ վտանգ չկա, բայց գյուղի անասնաբույժն ունի լիազորություն` ստուգելու տարածք մտնող անասունները, եւ հիվանդության հայտնաբերման դեպքում թույլ չտալ դրանց մուտքն արոտավայրեր:

Խոսելով գյուղի զարգացման համար հեռանկարային ծրագրերից` գյուղապետը նշեց. «Գյուղում հնարավորություն կա ձկնարդյունաբերությունը զարգացնելու: Կարծում եմ` պետությունը կամ էլ առանձին անհատներ կօգտագործեն այդ հնարավոր շահութաբերությունը»:

Արփա-Սեւան ջրատար թունելի շինարարությունն ավարտելուց հետո գյուղն աստիճանաբար սկսեց դատարկվել, բայց ներկայումս բնակչության թվի աճ է նկատվում: Գորայքի բնակչությունը 2005-2008թթ. համեմատ աճել է. ներկայումս գյուղում ապրում է 504 մարդ, որ կազմում է 114 ընտանիք: Դպրոցն ունի 76 աշակերտ: Այս տարի դպրոցը տվել է 4 շրջանավարտ, իսկ նոր ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի 6 աշակերտ: Ամեն տարի 12-13 նորածնի ճիչ է լսվում գյուղում, որից յուրաքանչյուրին համայնքի բյուջեից 50 հազար դրամ գումար են տալիս, իսկ նորապսակներին` 100 հազար դրամ: Դպրոցին կից գործում է նախակրթարան, որտեղ հաճախում է 2.5 տարեկանից բարձր 26 սան:

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Եթե գյուղապահպանությունն օրակարգային է շատ համայնքների համար, ապա Գորայքը, բազում խնդիրներով հանդերձ, հստակ քայլերով առաջ է շարժվում: Հիմնովին պիտի բարեկարգվեն կոյուղին, ներքին ջրատար ցանցը, փողոցները պիտի ասֆալտապատվեն: Նախատեսվում է վերանորոգել գյուղի մշակույթի պալատն ու գյուղապետարանի շենքը: Գյուղի փողոցները պետականորեն անվանակոչվել են Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների անուններով` Սերգեյ Գրիգորյան, Բաբկեն Վարդանյան (կենտրոնական փողոց), Խաչիկ Աբգարյան, Հրաչ Կարապետյան, Սամսոն Սամսոնյան, Արթուր Սարուխանյան: Գյուղի նախկին խանութի շենքի տեղում նախատեսել են երիտասարդների համար ժամանցի կենտրոն կառուցել, որի նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն ավարտվել են:

ՀՀ տնտեսության զարգացման մեջ նոր ճյուղ է փոքր հէկերի կառուցումը, որից անմասն չի մնացել նաեւ Գորայքը: Այս պահի դրությամբ Գորայքի տարածքում կա 2 գործող հէկ, 1 հէկի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ նախատեսվում է կառուցել եւս 5 հէկ: Գորայքից հէկերում աշխատում է 4 հոգի, հէկերի շինարարական աշխատանքներին գյուղացիները նույնպես ներգրավվում են: Որպես եկամուտ` համայնքային բյուջեին տրվում է միայն հողի վարձավճար (736 հա)` տարեկան ընդամենը 1 մլն 700 հազար դրամի չափով, որ նախկինում կազմել է 6.5 մլն դրամ:

Մեր օրերում համայնքների խոշորացման մասին այդքան քննարկվող հարցի վերաբերյալ գյուղապետն ունի իր հստակ դիրքորոշումը. «Համայնքների խոշորացումը, կարծում եմ, դրական ոչ մի փոփոխություն չի կարող տալ: Մենք դեռ պատրաստ չենք քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու, եւ որ թեկնածուն ավելի մեծ բարեկամական կապեր ունենա, նա էլ կընտրվի, եւ, բնական է, ավելի շատ կզարգացնի իր ծննդավայր-գյուղը: Բացի դրանից` կվերանան նաեւ մի շարք գյուղական ավանդույթներ: Մյուս կողմից` «Գեոթիմ» ընկերությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել տարածաշրջանի գյուղերի զարգացման համար: Ըստ կառավարության նախագծի` Գորայք, Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ գյուղական համայնքները պիտի միավորվեն, եւ եթե «Գեոթիմ»-ի ծրագիրը չլինի, ապա այդ միավորումը ցանկալի արդյունք չի կարող տալ, քանի որ 4 գյուղական համայնքի բյուջեն չնչին գումար է, որով գրեթե ոչինչ հնարավոր չի անել»:

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ

«2005թ., երբ ընտրվեցի Գորայքի գյուղապետ, համայնքն ուներ 64 մլն դրամ ապառք: 2010թ. «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` մինչեւ 2008թ. ապառքները հանվեցին, մնաց 28 մլն դրամ, այս պահի դրությամբ ունենք մոտ 21 մլն դրամ ապառք: Ճիշտն ասած, բավական ջանքեր են պահանջվում գյուղացիներից հարկերի հավաքման գործը հունի մեջ գցելու համար», – խոստովանում է գյուղապետը:

2014թ. համայնքի բյուջեն կազմել է մոտ 200 մլն դրամ: Այս տարի համայնքային բյուջեից դպրոցի վերանորոգման համար տրամադրվել է 17 մլն դրամ, 1 մլն դրամ` գրադարանի տանիքը վերանորոգելու համար, 1.2 մլն դրամ փոխանցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` երեխաների հետ ֆուտբոլի պարապմունքներ անցկացնելու համար: Ամեն տարի համայնքային բյուջեից գումար է հատկացվում երեխաներին ճամբար տանելու համար: Նախորդ տարի «Գեոթիմ»-ի հետ համատեղ գյուղում փորձնական 2 ջերմոց սարքեցին, որը տվեց ցանկալի արդյունք: Այս տարի 8 ջերմոց սարքեցին, որի համար 100 հազար դրամ ներդնում է գյուղացին, 30 տոկոս համայնքը, իսկ մնացած գումարը` «Գեոթիմ» ընկերությունը:

Առհասարակ նախկինում համայնքային բյուջեով գրեթե ոչ մի հարցի հնարավոր չէր վերջնական լուծում տալ, քանի որ բյուջեն կազմում էր ընդամենը 5-6 մլն դրամ: Համայնքային բյուջեի, ԶՊՄԿ-ի ներդրումներով եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի աջակցությամբ համայնքում սկսեցին կատարվել որոշակի աշխատանքներ: Իրավիճակը, սակայն, փոխվեց, երբ 2005թ. «Գեոթիմ» ՓԲԸ-ն սկսեց երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել Ամուլսարում. կազմակերպության հետ համագործակցությունը նպաստեց համայնքում մի շարք հիմնախնդիրների լուծման: Ներկայումս ՀՀ սոցներդրումների հիմնադրամի եւ համայնքային բյուջեի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են կատարվում Գորայքի միջնակարգ դպրոցում (6.5 մլն դրամ` համայնքային բյուջեից, 6.5 մլն դրամ` Սոցներդրումների հիմնադրամից): Ծրագիրը չէր ներառում դպրոցը ջեռուցման համակարգով ապահովելու հարցը, որը, սակայն, 17 մլն դրամ համայնքային բյուջեի ներդրման շնորհիվ կլուծվի: 2014-15 ուստարին աշակերտները կդիմավորեն դպրոցի վերանորոգված շենքում:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

«Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Լիդիան ինթերնեյշնլին, որ միջազգային շուկայում գործող հանքերի հետախուզմամբ ու մշակմամբ զբաղվող խոշոր բրիտանական կազմակերպություն է: 2005 թվականից Ամուլսարի տարածքում այս կազմակերպության կողմից սկսվել են երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնց համար Գորայքի արոտավայրերից 1700 հա տարածք վարձակալությամբ տրամադրվեց կազմակերպությանը:

Նախապես կազմակերպությունը պայմանագիր կապեց Սյունիքի մարզպետարանի հետ, եւ հողի վարձակալությունից ստացված գումարը փոխանցվեց պետբյուջե: 2010թ. վարչատարածքային նոր բաժանումից հետո իրավիճակը փոխվեց. հողի վարձակալությունից ստացված գումարը փոխանցվեց համայնքային բյուջե: 242.5 հա հողի կատեգորիան փոխվեց արդյունաբերական հողի կատեգորիայով, որի 1 հա արժեքը 124.200 դրամ է:

Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է բազմամետաղային հանքավայր, բայց լինելու է միայն ոսկու կորզում: Այս տարիների ընթացքում տարածքները, որտեղ իրականացվել են հետախուզական աշխատանքներ, վնաս չեն կրել եւ անմիջապես կանաչապատվել են, իսկ հետագայում հանքավայրի շահագործման համար նախատեսված հողային տարածքները բաց են թողել: Մինչ այժմ կազմակերպությունը ստեղծել է 47 աշխատատեղ:

Ներկայումս աշխատանքները դադարեցվել են, քանի որ կազմակերպությունը սպասում է հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալուն. «Պետք է նշեմ, որ այն տեխնոլոգիան, որ պիտի ներդրվի հանքավայրը շահագործելու համար, միանգամայն անվտանգ է, կորզումը կատարվելու է էկոլոգիապես անվնաս պայմաններում, ինչպես նաեւ տարածաշրջանը ապահովվելու է 500 աշխատատեղով: Պայմանագիրը նախատեսվում է կնքել 20 տարի ժամկետով, այսինքն` մինչեւ 2034թ.»:

Նշենք, որ վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է Ամուլսարի ներդրումային ծրագրին` հավաստիացնելով, որ հանրապետության տնտեսության զարգացման համար ծրագիրն ունի մեծ պոտենցիալ:

«Գեոթիմ» ՓԲ ընկերությունը ՀՀ խոշոր հարկատուների շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը:

2012թ. «Գեոթիմ» ՓԲ ընկերության ներդրման շնորհիվ ամբողջովին ավարտին հասցվեց Գորայքի գրադարանի եւ ուսուցման կենտրոնի վերանորոգումը, որի համար պահանջվեց 19 մլն դրամ: «Գեոթիմ» կազմակերպության համաֆինանսավորմամբ` նախատեսել են ստեղծել հիմնադրամ` Գորայքի եւ հարակից շրջանի գյուղերի հիվանդ բնակիչների վիրահատությունների ֆինանսավորման համար: Ըստ նախատեսածի` 3-4 մլն դրամ կներդնեն հիմնադրամում ընդգրկված գյուղական համայնքները, իսկ ֆինանսավորման առյուծի բաժինը կտրամադրի «Գեոթիմ» ընկերությունը:

Այս տարիների ընթացքում «Գեոթիմ» ընկերության ֆինանսավորմամբ վերանորոգել են գյուղի հանդիսությունների սրահը, գյուղի ներքին ճանապարհները, կառուցվել է մանկական խաղահրապարակ: Ընկերությունը նաեւ աջակցություն է ցուցաբերում երկրաբանության եւ հանքարդյունաբերության մասնագիտություններ սովորող ուսանողներին` վճարելով նրանց ուսման վճարը (ներկայումս` 7 ուսանողի ուսման վարձ է փոխանցում): Տնտեսական, մարզական, սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով գյուղում բավականաչափ ներդրումներ են կատարվել: Բուժկետի վերանորոգումից հետո տեղադրվել են նոր սարքավորումներ: Բուժկետի մի մասում նախատեսվում է կառուցել ատամնաբուժարան` համապատասխան սարքավորումներով ու պարագաներով:

Ներդնելով գյուղատնտեսության զարգացման համար տարբեր ծրագրեր` գյուղացիներին սովորեցրել են տարբեր բանջարաբոստանային մշակաբույսերի մշակման նոր տեխնոլոգիաներ: 2014թ. մարտ ամսից մեկնարկել է խոշոր եղջերավոր անասունների արհեստական սերմնավորման ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել կենդանիների մթերատվության մակարդակը. սպասվող սերունդը կրկնապատիկ կաթ կտա: Գյուղին տրամադրել են նաեւ տեխնիկա` հողը մշակելու համար փոքր տրակտոր, գութան, փխրեցուցիչ սարքեր, փոցխեր եւ այլն: Հենց ի սկզբանե նրանք որդեգրել էին հետեւյալ քաղաքականությունը. կատարվող յուրաքանչյուր աշխատանքում բացառապես ներգրավել գյուղացիներին, օգտագործել միայն տեղական ռեսուրսները, զարգացնել համայնքը:

Մեզ մնում է միայն ավելացնել. ճանապարհին հանդիպող խոշոր եւ մանր եղջերավոր անասունների նախիրներն ու հոտերը, գյուղում կատարված ու կատարվող աշխատանքները միայն վկայում են գյուղի` արագ տեմպերով առաջ շարժվելու մասին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: