01/12/2025

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության գլխավոր եւ գործադիր տնօրեններին

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է «Դանդի փրիշս մեթալս Կապան›› ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռիչարդ Հաուզին եւ  գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանին: Հյուրերը շնորհավորել են Արամայիս Գրիգորյանին` նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այսուհետ ընկերության եւ նախարարության միջեւ համագործակցությունն առավել սերտ կլինի: Հրաչ Ջաբրայանը հակիրճ ներկայացրել է ընկերության գործունեությունը ՀՀ-ում եւ արտերկրում, նշել, որ  «Դանդի փրիշս մեթալս Կապան›› ՓԲԸ-ն պատրաստակամ է իր աշխատաոճով դառնալու օրինակելի մյուս հանքարդյունահանող ընկերությունների համար՝ հույս հայտնելով, որ նորանշանակ նախարարը կընդունի փոխգործակցության նոր առաջարկը:

Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար եւ նշել, որ բնապահպանության նախարարությունը պարտավոր է եւ պատրաստակամ համագործակցելու ինչպես մյուս բոլոր, այնպես էլ «Դանդի փրիշս մեթալս Կապան›› ՓԲ ընկերության հետ` միաժամանակ ընդգծելով, որ  ընկերությունն ունի բնապահպանական եւ սոցիալական հստակ պարտականություններ Սյունիքի մարզի  եւ տեղի բնակչության հանդեպ, եւ այդ պարտականությունների կատարման պայմաններում է միայն ինքը տեսնում սերտ եւ արդյունավետ համագործակցություն: «Այն վնասներն ու կորուստները, որոնք հասցվում են բնությանը հանքարդյունահանման ընթացքում, պետք է կարողանաք հասցնել նվազագույնի եւ փոխհատուցել` խելամիտ  ռեկուլտիվացիա իրականացնելով եւ աչալուրջ լինելով պոչամբարների նկատմամբ››, - նշել է նախարարը:

Հրաչ Ջաբրայանն իր հերթին նշել է, որ ընկերությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է սոցիալական եւ բնապահպանական բարձր պատասխանատվության սկզբունքով:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փորձաքննություն սկսել անտառվերականգնման ծրագրի իրականացման նպատակով:

nt.am, 9 հունիսի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: