01/12/2025

Հինգ հաղթող եւ երեք բրոնզ

Կապանի «Գարեգին Նժդեհ» քիք-բոքսինգի ակումբի մարզիկները մեդալների հարուստ ավարով են վերադարձել պանկրաս մարտարվեստների ասոցիացիայի ֆեդերացիայի կազմակերպած Երեւանի բաց առաջնությունից, որ կայացավ մայիսի 24-ին եւ 25-ին:

Սեմի կոնտակտ մրցաձեւից անցկացված մրցմանը կապանյան ակումբը մասնակցում էր ութ մարզիկով, որոնցից հինգը կանգնեց պատվո պատվանդանի վերին հարթակին, իսկ երեքն արժանացավ բրոնզե մեդալի: Դարձյալ իր բարձր կարգը հաստատեց 54կգ քաշային Էրիկ Մուսայելյանը (16-17 տարեկանների պայքարում), ով վստահ հաղթանակներ տոնեց մրցակիցների նկատմամբ: Կապանցի մյուս մրցանակակիրներն ութ-տասը տարեկաններ էին, ասել է թե՝ սկսնակներն արդեն ոտք են գցում մեծերի հետ (մրցանակներ ձեռք բերելու առումով): Տպավորիչ էր յոթնամյա Կարեն Գալստյանի հաղթող ճանաչվելը, ով մենամարտում էր իրենից ավագ մրցակիցների դեմ: ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ այս առաջնությանը 150-ից ավելի մարզիկ էր մասնակցում, իսկ այս օրերին իր սաները մարզվում եւ նախապատրաստվում են Երեւանում կայանալիք Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին: Մնում է ավելացնել, որ այս առաջնությանն ակումբի մարզիկների մասնակցությունը հնարավոր եղավ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանի հովանավորությամբ, որոնց «Գարեգին Նժդեհ» ակումբը երախտագիտություն է հայտնում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: