08/14/2020

Ի՞նչ ճանապարհով է Վահե Հակոբյանը դարձել այսքան ունեցվածքի տեր

Ի՞նչ ճանապարհով է Վահե Հակոբյանը դարձել այսքան ունեցվածքի տեր

ՕՐՎԱ ՀԱՐՑԸ


Հայտնի է, որ Հայաստանի մարզպետները բավականին հարուստ պաշտոնյաներ են: Ընդ որում` նրանց հարստության մի մասն էլ գոյանում է այդ պաշտոնին նշանակվելուց հետո, հավանաբար պաշտոնական լիազորությունները սեփական շահերին ծառայեցնելու արդյունքում:

Հայաստանի մարզպետներից թերեւս ամենահարուստը կարող է համարվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Ամեն դեպքում այդպես կարելի է դատել նրա հայտարարագրերն ուսումնասիրելիս: Վ.Հակոբյանի ծննդավայրը, ինչպես նաեւ բնակության վայրը թեեւ Սյունիքի մարզն է եւ Քաջարան քաղաքը, սակայն նրա ունեցվածքը սփռված է ողջ մարզով, ինչպես նաեւ Երեւանով ու մայրաքաղաքի հարակից վայրերով:

Եվ այսպես՝ Վ.Հակոբյանը 2012թ. խորհրդարանական ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր, քանի որ ընդգրկված է եղել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Այդ հայտարարագրի համաձայն` նա Սյունիքում ունի յոթ անշարժ գույք, որից երեքը հողակտոր է, իսկ չորսը՝ շենք-շինություն: Դրանցից երեքը Կապան, չորսը՝ Սիսիան քաղաքում են: Վ.Հակոբյանն այս անշարժ գույքի միանձնյա սեփականատերն է:

Սյունիքի մարզպետը երեք բնակարան է հայտարարագրել նաեւ Երեւանում, դրանք գտնվում են Աբովյան, Մոսկովյան փողոցներում եւ Նորքի 4-րդ զանգվածում: Այդ բնակարանները, սակայն, բավականին փոքր են, յուրաքանչյուրը մինչեւ 100 քառակուսի մետր տարածք ունի: Սակայն տարիներ առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Վ.Հակոբյանը մի հսկայական առանձնատուն ունի նաեւ Երեւանում՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի տարածքում, որտեղ շքեղ առանձնատներ ունեն Հայաստանի շատ պաշտոնյաներ՝ սկսած վարչապետ Հովիկ Աբրահամյանից: Տպագրվել էին նաեւ Սյունիքի մարզպետի այդ առանձնատան նկարները, եւ որեւէ հերքում չեղավ, որ դա նրան է պատկանում: Այդ առանձնատունը, սակայն, այս հայտարարագրում նշված չէ: Հավանաբար այն նրա անունով չէ գրանցված: Ըստ նրա հայտարարագրի` նա մոտ 2329 քմ հողատարածք ունի Բաբայան փողոցում: Իսկ այդ փողոցը գտնվում է «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ: Եվ չի բացառվում, որ հենց այդտեղ էլ առանձնատուն է կառուցել, որը նշված չէ:

Վ.Հակոբյանը 347 քմ տարածքով բնակարան եւ 285 քմ հողատարածք ունի նաեւ Արզնիում եւ մոտ 2 հեկտար հողատարածք՝ Ձորաղբյուր գյուղում: Հատկապես Երեւանում, Արզնիում եւ Ձորաղբյուրում գտնվող նրա հողատարածքներն ու բնակարանները բավականին թանկարժեք են, քանի որ այդ հատվածներում անշարժ գույքն ընդհանրապես թանկ արժե: Սյունիքի մարզպետին անհատույց օգտագործման է տրվել նաեւ 316 քմ տարածք Խանջյան փողոցում:

Այդ նույն հայտարարագրում նա գրանցել է նաեւ վեց թանկարժեք մեքենա՝ «Մերսեդես G500», «Տոյոտա Camry», «Պորշ Panameria», «Պորշ Cayen», «Վոլգսվագեն Golf» եւ «ԳԱԶ 31-02», իսկ ավելի ուշ նա այդ մեքենաների մի մասը վաճառել է: Վ.Հակոբյանը բաժնեմասեր ունի «Արմենիա մոլիբդեն փրոդաքշն», «Նիաշ» ընկերություններում եւ «Հայբիզնեսբանկում» ու «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկում»:

2012 թվականին Սյունիքի մարզպետը հայտարարագրել է 1 միլիարդ 270 միլիոն դրամ: Իսկ ահա 2014թ. նրա ֆինանսական եկամուտները գրեթե կրկնապատկվել են: Այս տարի բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է 2,1 մլրդ դրամ եւ 1 մլն դոլար: Այսինքն` մարզպետի պաշտոնը բարերար ազդեցություն է ունեցել նրա եկամուտների վրա: Իհարկե, դժվար է պնդել, որ նա իր հարստություններն ավելացրել է այդ պաշտոնի շնորհիվ, բայց պետք էլ չէ այդ հանգամանքը բացառել: Վ.Հակոբյանն իր այս ողջ հարստությունից կնոջ անունով ոչինչ չի գրանցել, դրանք գրանցված են իր անունով եւ նշված է, որ ինքը միանձնյա սեփականատեր է:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Արժե նշել, որ հայր եւ որդի Հակոբյաններն էն գլխից են հարուստ եղել, եւ այդ հարստությունն էլ գոյացել է գործարանից ստացած միջոցներից: Մ.Հակոբյանն ինքը նույնպես բավականին հարուստ է: Եվ այսօր արդեն կարելի է ասել, որ Հակոբյանները ոչ միայն Սյունիքի, այլ ողջ Հայաստանի այն հարուստ ընտանիքներից են, որոնց ունեցվածքը գոյացել է մեր երկրի ազգային հարստությունը տնօրինելու ադյունքում:

http://www.1in.am/
2014-06-13

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: