01/12/2025

Սյունիքում կարկտահարությունից տուժել է համայնքների զգալի մասը

Այս տարվա ապրիլին Սյունիքում արձանագրված աննախադեպ ցրտահարությունից հետո մարզի գյուղատնտեսությանը մեծ վնասներ է հասցրել նաեւ մայիս ու հունիս ամիսներին տեղացած կարկուտը: «Կարկտահարությունից տուժել են մարզի համարյա բոլոր համայնքները՚ մեկը շատ, մյուսը՚ փոքր-ինչ քիչ:

Կարկուտը տեղացել է մարզի բոլոր չորս՝ Սիսիանի, Գորիսի, Կապանի ու Մեղրու տարածաշրջաններում: Իսկ մինչ այդ մարզում, հիմնականում Մեղրու տարածաշրջանում, ցրտահարությունից տուժել էին արդեն ծաղկած կորիզավոր պտղատու ծառերը», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը: Ըստ վարչության պետի, կարկտահարությունից վնասվել են հիմնականում բանջարանաբոստանային կուլտուրաների՝ կաղամբի, լոլիկի սածիլները, լոբին, կարտոֆիլի ցանքսերն էլ որոշակի չափով վնասվել են, սակայն դրանք վերականգնվելու հատկություն ունեն: Որոշակի չափով վնաս են կրել նաեւ պտղատու այգիները:

Կառավարությունն առայժմ կաջակցի մարզի ցրտահարությունից առավել տուժած 11 գյուղացիական տնտեսության՝ փոխհատուցելով նրանց հողի ու ոռոգման ջրի վարձի դիմաց: Գյուղատնտեսական հետագա աշխատանքներին աջակցելու նպատակով շուկայականից անհամեմատ էժան գնով մարզ է ներկրվել 1933տ ազոտական պարարտանյութ, ինչը բավարարում է մարզում առկա պահանջարկը: Ազոտական պարարտանյութը պարկը 6 հազար դրամով հասել է համայնքներ: Դիզվառելիքի խնդիր եւս մարզը չունի՚ ներկրվել է 1 մլն 500 հազ. լիտր դիզվառելիք, որից առայժմ իրացվել է 600 հազ. լիտրը՝ 1 լիտրի գինը 350 դրամով:

Վարչության պետի հավաստմամբ, չնայած խոտհնձի տեխնիկան մաշված է, սակայն այն ֆիզիկապես պատրաստ է աշխատանքներն իրականացնելու համար:

armenpress.am
12 հունիսի 2014

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: