01/10/2025

Զրույց Կապանի քաղաքապետի հետ

Զրույց Կապանի քաղաքապետի հետ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ


 

Հունիսի 13-ին Կապանի քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Սիլուետ»  պարային խմբի համերգը: Խմբում դպրոցական տարիքի երեխաներ են ընդգրկված:

Մինչեւ նախավերջին պարը հիացած էի: Նախավերջին պարը հիասթափեցրեց ոչ միայն ինձ: Վերջին պարի առանձին դրվագներ` նույնպես:

Դպրոցական տարիքի հայուհին` իր պապի ու տատի, ծնողների, քրոջ ու եղբոր առջեւ պորտապար կամ հարեմի պար էր պարում:

Դա մի խայտառակ տեսարան էր: Դա հակաազգային ու հակամանկավարժական մի հանդես էր:
Ինձ այդ միջոցառմանն էր հրավիրել այդ կենտրոնի տնօրեն Ռուզաննա Ավանեսյանը, ում վերջում մոտեցա` վրդովմունքս հայտնելու: Նա պատասխանեց. դիմել է քաղաքապետարան, որ այդ համարները հանվեն համերգային ծրագրից, բայց չեն լսել: Ռուզաննա Ավանեսյանը խորհուրդ տվեց դիմել պարուսույցին: Նա էլ ասաց, որ դա ազգային պար է: Իսկ ես պնդեցի ու պնդում եմ, որ դա ազգայինի հետ որեւէ կապ չունի, որ դա հարեմի պար է` արեւելյան մոտիվներով, որը պատիվ չի բերում մեզ:
Կոչ եմ անում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին` գոնե այսուհետ երեխաներին հեռու պահել նման անամոթ տեսարաններից:

Աշոտ Հայրապետյանի ուշադրությունը մի հարցի վրա էլ եմ հրավիրում: Այդ ի՞նչ նկարներ են կախված քաղաքի արեւելյան մուտքի մոտ: Եթե դա պայմանավորված է այդ տարածքում գտնվող կազինոյի գոյությամբ, ապա` ավելի վատ: Եթե կազինոն է պատճառը, ապա զվարճանքի այդ վայրն այդտեղից պիտի հանել: Օրը ցերեկով մենք մեր երեխաներին անառակություն ենք քարոզում, որ Կապանին պատիվ չի բերում:

Եթե կազինո գովազդող նկարները տեղադրված են քաղաքի վարչական տարածքից դուրս, ապա բարի եղեք դիմել Սյունիքի գյուղապետին, չէ՞ որ դա ուղղակի Կապանին է վերաբերում:
Քաղաքի կենտրոնում Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների նկարներն ենք կախում, իսկ մուտքի մոտ` անառակություն քարոզող նկարներ: Այդպես չի լինում: Դրանք միմյանց  բացասում են, դրանք անհամատեղելի են: Կամ նահատակների նկարները հանեք, կամ` անառակություն քարոզող նկարները:

ԺԱՍՄԵՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
17 հունիսի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: