01/13/2025

Երկարաձգում են Որոտանի հէկերի էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկարաձգում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության N0004 լիցենզիայի գործողության ժամկետը մինչեւ 2029 թվականի հունիսի 18-ը: Լիցենզիայի երկարաձգման որոշման նախագիծը hանձնաժողովի հունիսի 18-ի նիստի օրակարգում էր:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիան թանկանալու է, ինչը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգում 2014-2015թթ. ընթացքում նախնական գնահատմամբ առաջացող շուրջ 20 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքը փակելու անհրաժեշտությամբ: Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման պատճառներից մեկը Որոտանի հիդրոէլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի ցածր արտադրողականությունն է:

«2013-2014թթ. ընթացքում` ա) «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տուրբիններից մեկը վթարային կանգառի պատճառով աշխատանքի է դուրս եկել 88 օր ուշացումով եւ սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրել մոտ 300 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, բ) ջրասակավության հետեւանքով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» եւ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ների կողմից սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրվել մոտ 200 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Այս կայանների կողմից թերմատակարարված էլեկտրական էներգիան փոխարինվել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի թանկ էլեկտրական էներգիայով: Գործող սակագների հաշվարկներով նախատեսվածի նկատմամբ 2013-2014թթ. փաստացի էլեկտրական էներգիայի արտադրության կառուցվածքի նշված եւ այլ փոփոխությունների հետեւանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կրել է շուրջ 16,3 մլրդ դրամի վնաս», - տեղեկացնում է հանձնաժողովը:

http://www.ecolur.org/, 18 հունիսի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: