01/11/2025

Արամ Մանուկյան. «Որոտանի հիդրոկասկադի վաճառքը կոռուպցիոն եւ հակաօրինական է»

Արամ Մանուկյան. «Որոտանի հիդրոկասկադի վաճառքը կոռուպցիոն եւ հակաօրինական է»

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ Որոտան հէկին` նշելով, որ Որոտան հէկը վաճառվել է չորս կոպիտ խախտմամբ: Ներկայացնելով հէկի վաճառքի խախտման մանրամասները` Արամ Մանուկյանն ասաց. «Ներկայացնում եմ չորս խախտում, որոնք հիմնավորում են Որոտանի հիդրոկասկադի վաճառքի կոռուպցիոն եւ հակաօրինական լինելը: Ուզում եմ նաեւ շեշտել, որ մեր պայքարն ընդդեմ այդ անօրինական գործարքի պայմանավորված է ոչ թե նրանով, որ մեզ դուր չի գալիս ամերիկյան ընկերությունը, այլ որ սրանով տեղի է ունենում պետական գույքի ուղղակի կողոպուտ` ուղեկցված մեր ստրատեգիական ջրային պաշարների զավթմամբ եւ հայ-իրանական հարաբերությունների վտանգմամբ: Հիմա մանրամասնեմ. 1. վաճառքի գինը. հիդրոկասկադը վաճառվել է 180 մլն դոլարով, այն դեպքում, երբ դրա իրական արժեքը մոտ, համեստ հաշվարկներով, տասը անգամ ավելի է: Սրան գումարած` երեք հէկերի, դրանց սպասարկող դերիվացիոն թունելների եւ այլ ենթակառուցվածքների արժեքը: Սրանք ապացույցներ են առ այն, որ կոռուպցիոն ճանապարհով տեղի է ունեցել ազգային հարստության խայտառակ մասշտաբների կողոպուտ, ինչը ծանր քրեական հանցագործություն է: 2. Ջրամբարների օտարման անօրինականությունը. Հայաստանի ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են եւ մասնավորեցման ենթակա չեն»: «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն Սպանդարյանի եւ Տոլորսի ջրամբարները իմպերատիվ ձեւով ա. պետական սեփականություն են, բ. մասնավորեցման ենթակա չեն: Սա լրիվ բավարար է ջրային օրենսդրության կոպտագույն խախտումն արձանագրելու համար: 3. Իրանի հետ կապված խնդիրը. հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ պայմանագրի 4.03 հավելվածում սահմանված է, որ Որոտանի ենթակառուցվածքները չեն կարող օգտագործվել Իրանի հետ էլեկտրամատակարարման գործընթացներում: Սա վկայում է, որ գործ ունենք նաեւ քաղաքական գործարքի հետ: 4. Ազգային ժողովը շրջանցելը. «Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն, Որոտանի հիդրոկասկադի մասնավորեցման նախագիծը պետք է ներկայացվեր Ազգային ժողովի հաստատմանը, ինչը չի արվել: Այն մեկ անգամ արդեն ներառված է եղել մասնավորեցման ծրագրերում, սակայն հետագայում հանվել է: Սա լրացուցիչ ապացույց է այն մասին, որ այսպիսի գույքի օտարման նախագիծը պարտադիր կարգով ենթակա է Ազգային ժողովի հաստատմանը: Այսպիսով, ամփոփելով նշեմ, որ այս գործարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործության հատկանիշներ: Այն է. 1. վաճառքի ակնհայտ ցածր գինը, 2. օրենքի պահանջի ուղղակի խախտմամբ իրականացված ջրամբարների մասնավորեցումը, 3. առանց Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացնելու պետական գույքը մասնավորեցնելը: Հետեւապես, ես ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացնում եմ հանցագործության մասին հաղորդում` Որոտանի հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ գործարքում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին եւ հետեւողական եմ լինելու այս գործի պատշաճ քննության հարցում», – ասաց Մանուկյանը:

Newsbook.am, 10 հունիսի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: