03/15/2026

Ո՞վ է ֆինանսավորում «Սյունյաց երկրի» դեմ արշավանքը

Իրավական դաշտ


Վերջին մեկ ամսում «Սյունյաց երկրի» դեմ հրապարակված նյութերը եւ դրանց շուրջ զարգացումները ցույց են տալիս, որ կոնկրետ ու գործնական քայլերով խոչընդոտներ են հարուցվում թերթին` մարզային կյանքի որոշ ոլորտների մասին հետագա հրապարակումները կասեցնելու նպատակով, ինչի համար թերթի խմբագրությունը դիմել է դատական ատյան եւ ՀՀ գլխավոր դատախազություն:

Ավելի կոնկրետ` «Սյունյաց երկրի», թերթի խմբագրի ու նրա ընտանիքի անդամների դեմ մայրաքաղաքային երեք կայքում հրապարակվել են հաչոց-հոդվածներ, որոնցից մեկն անստորագիր է, երկրորդը` կեղծ ստորագրությամբ, երրորդը` դեռեւս անհայտ մարդու ստորագրությամբ:

Այդ հոդվածներն իրենց մեջ ներառում են վիրավորանք ու զրպարտություն պարունակող արտահայտություններ, ինչի համար «Սյունյաց երկիրը» հուլիսի 1-ին հայցադիմումներ է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններ:

Մասնավորապես` lratvutyun.am կայքի հիմնադիր «Արցախ-հայ մամուլի ակումբի» (Արման Սարգսյան) դեմ հայցն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Կայքը հունիսի 26-ին հրապարակել է մի զազրախոսություն` առանց ստորագրության:

Ընդդեմ henaran.am կայքի` հայցը նույնպես ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Կայքը ս.թ. հունիսի 5-ին հրապարակել է մի հոդված, որի տակ դրված է Հայկ Միրզոյան` դեռեւս անհայտ մարդու ստորագրությունը: Ըստ այդ հայցի` հայցվորը պատասխանողներ է ճանաչել Սերինե Գաբրիելյանին (կայքի խմբագիր) եւ Հայկ Միրզոյանին, որի ինքնությունը կփորձենք պարզել դատարանում:

Մեկ այլ հայցով էլ կքննարկվի ararum.am կայքում ս.թ. հունիսի 6-ին հրապարակված վայրահաչությունը, որի տակ դրված է Վիգեն Վանյանի ստորագրությունը: Այդ հայցն ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Պատասխանողներ են ճանաչվել ararum.am կայքի սեփականատեր Հովհաննես Եսայանը եւ դեռեւս անհայտ Վիգեն Վանյանը, ում ինքնությունը եւս կփորձենք պարզել:

Մենք արդեն կարծիք ենք հայտնել առ այն, որ այդ հաչոցները հրապարակվել են Սյունիքից հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին: Դա ակնհայտ է դարձել lratvutyun.am կայքում ս.թ. հունիսի 26-ին հրապարակված նյութի շուրջ տեղի ունեցած անցուդարձից: Ս.թ. հուլիսի 1-ին այդ մասին տեղյակ ենք պահել ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին` մասնավորապես նշելով, որ henaran.am կայքի աշխատակից Արմենակ Դավթյանը Սամվել Ալեքսանյանի դեմ ինչ-որ տեղից ստացված անանուն հոդված հրապարակելու համար norlur.am կայքին առաջարկել է 600 հազար դրամ:

«Սյունյաց երկիրն» այդ ամենը համարում է կոնկրետ մարդկանց կողմից լրագրողի օրինական մասնագիտական պարտականությունների կատարման խոչընդոտում` մարզային կյանքի որոշ ոլորտների մասին հրապարակումներ թույլ չտալու նպատակով, ինչը քրեորեն պատժելի արարք է ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի համաձայն:

Նշված հայցադիմումների եւ դիմումի շուրջ զարգացումների մասին տեղյակ կպահենք ընթերցողին:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: