01/11/2025

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հայտարարությունը

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հայտարարությունը

Սյունիքի նոր մարզպետի հավանական թեկնածուների շուրջ քննարկումները վերջին օրերին դարձել են ներքաղաքական կյանքի թիվ մեկ հարցը:


 

Առաջին հայացքից շատ հաճելի է դա նկատել, քանզի այդ ամենը վկայում է Սյունիքի մարզի կարեւորության եւ մեծ նշանակության մասին: Բայց անչափ վիրավորական է, որ մեր` սյունեցիներիս անունից դատողություններ են անում մարդիկ, ովքեր ընդհանրապես Սյունիքում չեն եղել, ովքեր որեւէ պատկերացում չունեն Սյունիքի մասին, ովքեր հանդես են գալիս կեղծ ստորագրություններով, անստորագիր նյութերով կամ բացառապես բամբասանք պարունակող խզբզոցներով: Առավել ապշեցնող է հանգամանքը, որ Հայաստանում կասկածելի վարքով հռչակված ինչ-որ ծախու գրչակներ իրենց իրավունք են վերապահում նամակներ հղել Հայաստանի Հանրապետության նախագահին եւ առաջարկություններ անել` մտածելով, որ իրենց անբարո գոյությամբ կարող են ներազդել պետության համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի լուծմանը:

Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուներից գրեթե բոլորին ճանաչում են մարզի բնակիչները: Նրանցից որեւէ մեկի հասցեին ցեխ շպրտելու իրավունք մեզ չենք վերապահում, բայց առավել ցանկալի ենք համարում Սուրեն Խաչատրյանի թեկնածությունը: Նրա փորձը, Սյունիքի մարզի հիմնախնդիրների փայլուն իմացությունը, նրա գործնական ու գործարար հատկանիշները, բացառիկ աշխատասիրությունը, կազմակերպական հմտություններն ու հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նվիրվածությունն այն հատկանիշներն են, որոնք պետք է ունենա Սյունիքի նորօրյա մարզպետը:

Սա հազարավոր սյունեցիների ու հատկապես Մեղրու տարածաշրջանի բնակիչների կարծիքն է, եւ կուզենայինք, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հաշվի նստեր այն մարդկանց կարծիքի հետ, ովքեր ապրել, ապրում են եւ ապրելու են Սյունիքում` շարունակելով կատարել իրենց հերոսական նախնիների պատգամը` ամուր եւ շեն պահել սյունյաց փառապանծ երկիրը:

ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Ագարակ քաղաքային համայնքի ղեկավար

8 սեպտեմբերի 2014թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: