01/11/2025

Կապանի N2 ավագ դպրոցի նորակառույց շենքը շահագործման հանձնվեց

Կապանի N2 ավագ դպրոցի նորակառույց շենքը շահագործման հանձնվեց

Կապանի N2 ավագ դպրոցի նորակառույց շենքը հոկտեմբերի 6-ին իր դռները բացեց աշակերտների առջեւ: Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսի 17-ին ամրացման աշխատանքի ընթացքում շենքը փլուզվել էր, բարեբախտաբար տուժածներ չկային: Դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2011թ. նոյեմբերից, պատվիրատուն` ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն է, իսկ աշխատանքները կատարել է «Սիսիանի նոր բակ նորոգշին» ԲԲԸ-ն: Նախապես հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը մինչ դպրոցի փլուզումը պիտի կատարեր հիմնանորոգման աշխատանքներ: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ շենքի փլուզումից հետո «Քվե» ՍՊԸ-ի նոր նախագիծը մրցույթում հաղթող ճանաչվեց, ըստ որի` սկսվեցին շինարարական աշխատանքները:

Հին դպրոցի ապամոնտաժման, դպրոցի կառուցման ու ամրացման աշխատանքների համար ծախսվել է 724 մլն դրամ գումար, իսկ մարզադահլիճի ամրացման եւ հիմնանորոգման համար` 144 մլն դրամ: Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ հիմնանորոգման աշխատանքներից առաջ պետք է պարտադիր կատարվեն ամրացման աշխատանքներ:

«Ներկայումս շենքն ամբողջովին պատրաստ է շահագործման, եւ դասապրոցեսն ընթանում է միանգամայն հարմարավետ պայմաններում: Նախկին ենթակայանի շենքն ապամոնտաժվել է, սպասում ենք նախագծին` նոր ճանապարհ կառուցելու համար», – նշեց շինարարական կազմակերպության տնօրեն Սամսոն Մաթեւոսյանը: Դպրոցի գույքը ձեռք է բերվել ՀՀ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով, դասարաններն ապահովված են համապատասխան գույքով:

Դպրոցում տեղադրվել են տեսախցիկներ, որոնց միջոցով վերահսկվում է անցուդարձը:
Տնօրենի կարծիքով` դպրոցի նորակառույց շենքի պաշտոնական բացում անպայման կլինի:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: