01/11/2025

Չորս ոսկի, երեք արծաթ

Չորս ոսկի, երեք արծաթ

Մեդալների նման ավարով քիք-բոքսինգի Կապանի «Գարեգին Նժդեհ» ակումբի սաները (մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ` Արա Սարգսյան) վերադարձան Հայաստանի անկախության տոնին նվիրված Արարատբանկի գավաթի խաղարկությունից, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 4-5-ը մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում: Կարեն Գալստյանը (մինչեւ 28կգ քաշային կարգ), Արայիկ Ավետիսյանը (31կգ), Դավիթ Գրիգորյանը (33կգ), Շանթ Դավթյանը (54կգ) դարձան հաղթող, իսկ Էրիկ Մարտիրոսյանը (32կգ), Արտուշ Ավետիսյանը (43կգ), Վլադիմիր Հովհաննիսյանը (մինչեւ 63.5կգ) բավարարվեցին երկրորդ տեղով: Ընդհանուր թիմային հաշվով Կապանի «Գարեգին Նժդեհ» ակումբը գրավեց երրորդ տեղը: Եղան նաեւ տպավորիչ մենամարտեր. կիսաեզրափակչում Արայիկ Ավետիսյանը մրցակցին հաղթեց նոկաուտով: Այս անգամ գավաթի խաղարկությունը հովանավորած Արարատ (Ալիկ) Վեզիրյանը եւ ակումբի մարզիչ Արա Սարգսյանն արժանացան «Դինամո» մարզական ՀԿ-ի դիպլոմի: Ի դեպ, նշենք, որ հովանավորների բացակայության պատճառով «Գարեգին Նժդեհ» ակումբի սաները չկարողացան մասնակցել օգոստոսին Վրաստանում կայացած միջազգային մրցաշարին եւ սեպտեմբերին տեղի ունեցած մարզաձեւի աշխարհի առաջնությանը: Ակումբի սաները եւ մարզիչը հուսով են, որ Սուրեն Խաչատրյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակումով հովանավորության խնդիրները կլուծվեն, իսկ իրենք հաղթանակներով բարձր կպահեն ոչ միայն մարզի, այլեւ հանրապետության մարզական պատիվը: Մրցանակակիր մարզիկներին քաղաքապետարանում ընդունեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով հետաքրքրվեց մարզիկների մարզումային պայմաններով եւ նոր հաջողություններ մաղթեց: Իսկ նոյեմբերին Հունաստանում կայանալու է քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությունը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: