01/11/2025

Դժբախտ դեպք Սիսիանում

Դժբախտ դեպք Սիսիանում

Առողջապահություն

«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում գրանցված երիտասարդ կնոջ մահվան դեպքի մասին թե՛ Սյունիքի մարզպետարանի առողջապահության բաժինը, թե՛ Սիսիանի բժշկական կենտրոնը դեռեւս ձեռնպահ են մնում տեղեկատվություն տրամադրել եւ մեկնաբանել կատարվածը` հորդորելով սպասել մինչեւ պաշտոնական քննության ավարտը եւ բժշկական փորձագիտական եզրակացություն ունենալը:

Ըստ Սիսիանում տարածված լուրերի` 28-ամյա Ա.Դ.-ն, որն ունի 2.5 տարեկան մի զավակ եւ երկրորդ երեխային էր սպասում, մեջքի շրջանում ցավեր է ունեցել, տեղափոխվել Սիսիանի հիվանդանոց, որտեղ եւ տեղի է ունեցել դժբախտությունը…

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Ռազմիկ Աբրահամյանը եւս դեպքի մանրամասների, հղիության ընթացի մասին տեղեկատվության, մեղավոր-անմեղներ պարզելու համար խորհուրդ տվեց սպասել փորձագիտական եզրակացությանը:

Նախարարության աշխատակցից հաջողվեց պարզել, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, հիվանդանոց տեղափոխված կինն ունեցել է 24 շաբաթական հղիություն: Մինչ ծննդաբերելն արձանագրվել է պտղի մահ, դրանից հետո կնոջ վիճակը կտրուկ վատացել է: Հրավիրվել են մասնագետներ նաեւ մայրաքաղաքից, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները, բայց նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել…

Ռ.Աբրահամյանը հերքում է Սիսիանում տարածված զրույցները, թե մահվան պատճառը եղել է արյունահոսությունը, թե փոխներարկման համար արյուն չի եղել, իսկ արյուն հանձնել ցանկացող հարազատներից հիվանդանոցը հնարավորություն չի ունեցել արյուն վերցնել: Ըստ նախարարության պաշտոնյայի` կինն արյուն քիչ է կորցրել, իսկ արյան փոխներարկում կատարվել է:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: