01/11/2025

Բաց դաս Ծավում

Բաց դաս Ծավում

Բնապահպանություն

Նոյեմբերի 15-ին Ծավի Մարատ Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բնապահպանական յուրօրինակ միջոցառում` մասնակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի, բնության պահպանության ոլորտին առնչվող` մայրաքաղաքից ժամանած մասնագետների:

Այդ օրն անսովոր աշխուժություն էր դպրոցում: Միջոցառմանը մասնակցում էին ինչպես կրթօջախի, այնպես էլ Ճակատենի, Շիկահողի, Ներքին Հանդի դպրոցների աշակերտներ: «Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացում ՄԱԶԾ/ԳԷՀ» ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանը զրույց անցկացրեց «Ավելի լավ ճանաչենք մեր հրաշալի բնաշխարհը» թեմայով, այնուհետեւ լուսանկարների ցուցադրությամբ ներկայացրեց Սյունիքի բուսական եւ կենդանական աշխարհը, մարզի լանդշաֆտները եւ հատուկ պահպանվող տարածքները: Օզոնի ազգային կենտրոնի մասնագետ Լիանա Բաղդասարյանը մատչելի օրինակներով դպրոցականներին պատմեց օզոնային շերտի պահպանության անհրաժեշտության մասին, ներկայացրեց օզոնային շերտը քայքայող նյութերը, նաեւ` թե ինչպես պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Այս ամենի մասին մուլտֆիլմ ցուցադրվեց, իսկ դպրոցականներն իրենց տպավորությունները հանձնեցին թղթին` կատարելով օրվա թեմային առնչվող նկարներ:

Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ հայրենի եզերքի ապագա տերերին ուզում են զինել գիտելիքներով, որ ավելի արդյունավետ լինեն նրանց գործողությունները բնապահպանության գործում: «Բնապահպանության խնդիրները լուծելի են, երբ յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր պատանի ինքն իրեն համարում է այդ խնդրի լուծողը», – ասաց փոխնախարարը: Բնապահպանության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը եւս իր խոսքում կարեւորեց դպրոցականների դերը հայրենի բնությունը, շրջակա միջավայրն անաղարտ պահպանելու գործում: «ՀՀ կառավարության, բնապահպանության նախարարության կազմակերպած միջոցառումներն արժեք չեն ունենա, եթե հասակ չառնի բնությունը սիրող սերունդ», – այսպես եզրափակեց իր խոսքը բանախոսը: Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանն իր խոսքում այն միտքը հայտնեց, որ ամենաարդյունավետ ներդրումը կրթության ոլորտում արված ներդրումն է, մանավանդ եթե դա արվում է գյուղերում ապրող դպրոցականների համար:

Ըստ ամենայնի` միջոցառումը բնապահպանական մի բաց դաս էր, որից գոհ էին թե՛ կազմակերպիչները, թե՛ դպրոցականները: Համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Յուրա Մարտիրոսյանը, Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանը երախտագիտություն հայտնեցին մայրաքաղաքից ժամանած հյուրերին: Դպրոցականներին բաժանվեցին «Խուստուփ» եւ «Զանգեզուր» պետական արգելավայրերի մասին պատմող գրքույկներ, ինչպես նաեւ ուսումնական պարագաներ եւ գրենական պիտույքներ, հիշատակված դպրոցներից յուրաքանչյուրին հանձնվեց մեկական հեծանիվ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: