01/13/2025

Եկեք փառք տանք սուրբ հացին

Եկեք փառք տանք սուրբ հացին

Նոյեմբերի 25-ին Քաջարանի թիվ 1 մանկապարտեզում «Եկեք փառք տանք սուրբ հացին» խորագրով բաց դաս էր կազմակերպվել, որին ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նիլ Ստիվենսոնը, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, դպրոցների տնօրեններ, դաստիարակներ եւ այլք:

Ինչպես ներկաներին տեղեկացրեց մանկապարտեզի վարիչ Լիլիթ Գաբրիելյանը, դասի նպատակն է աղջիկներին սովորեցնել, թե ինչպես պետք է հաց թխել, իսկ տղաներին` ինչպես պետք է սրբորեն պահպանել այն: Նա նշեց, որ սյունեցին քարից հաց քամող ժողովուրդ է, հյուրընկալ ու ավանդապաշտ, եւ իրենց նպատակն է երեխաների մեջ սերմանել ազգային ավանդույթների պահպանումը:

Նախքան բաց դասը սկսելը հացն օրհնեց Քաջարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ քահանա տեր Շիրակ Խանոյանը, իսկ մանկապարտեզի ավագ Ա խմբի սաները բաց դասը սկսեցին տերունական աղոթքով:

Հացին նվիրված բանաստեղծություններով, ժողովրդական երգերով ու խաղիկներով մանուկները ներկայացրին ոսկեշողիկ ցորենի ծլարձակումը, նրա ալյուրի վերածվելը, թոնրում կարմրաթուշ լավաշ հացի թխումը: Այնուհետեւ հնչեցին ասույթներ հացի, հողի մշակի քրտնաջան աշխատանքի, հացը խնայելու մասին:

Ավագ Ա խմբի դաստիարակ Ալվինա Առաքելյանը նշեց, որ բաց դասի նպատակն է երեխաներին ծանոթացնել իրենց պապերի սովորույթներին, մեծարել ու փառաբանել հացն ու այն արարողին, հայ ժողովրդին բնորոշ հյուրասիրությունն ու աշխատասիրությունը:

Սաներին ողջունեցին Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ովքեր, բարձր գնահատելով մանկապարտեզի դաստիարակների աշխատանքը, մատաղ սերնդի ազգապահպան դաստիարակությունը, շնորհակալություն հայտնեցին դաստիարակներին:

Մանկապարտեզի վարիչը շնորհակալություն հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենությանը, Սյունիքի մարզպետարանին, Քաջարանի քաղաքապետին` մշտապես իրենց աջակցելու համար:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: