01/13/2025

Ինչ է կատարվում Զանգեզուր կենսոլորտային համալիրում

Զանգեզուր կենսոլորտային համալիրի ստեղծման ծրագիրը, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ժառանգություն թողեց նախարարության ներկայիս աշխատակազմին, դեռ չի կարողանում որոշակիանալ ոչ աշխարհագրության, ոչ ռեժիմի, ոչ սեփական իրավասությունների շրջանակների հարցում:

2013թ. դեկտեմբերի 19-ին կառավարությունն ընդունեց   Զանգեզուր կենսոլորտային համալիրի ստեղծման վերաբերյալ 1465-Ն որոշումը: Արդյունքում բնության հատուկ պահպանվող տարածքներ «Շիկհողի արգելոց» ՊՈԱԿ-ը, ««Արեւիկ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» ու «Սեւ լիճ» պետական արգելավայրերը կորցրեցին իրենց կարգավիճակը: Բնապահպանության  նախարարության ընդհանուր պրոտեկտորատի ներքո գտնվող ինքնուրույն կառավարվող միավորներից նրանք վերածվեցին մոտ 60 000 հեկտարի հասնող հսկայական տարածքի, որն ունի մի կառավարում:

Այդ որոշման բացասական հետեւանքներն արդեն իսկ ի հայտ են գալիս: Առաջին հերթին խոսքը «Շիկահող» արգելոցի մասին է, որն առանձնանում է իր յուրահատուկ կենսաբազմազանությամբ: Նախկինում արգելոցի զարգացումն իրականացվում էր միջազգային դոնորների միջոցների հաշվին: Բայց թե ինչպես են ծախսվելու այդ միջոցները, երբ այն դարձել է Զանգեզուրի համալիրի մի մասը, հասկանալի չէ: 

Մինչ օրս հաստատված չեն Զանգեզուրի համալիրի սահմանները: Սա նշանակում է, որ գործնականում անհնար է կանգնեցնել ցանկացած գործունեություն, որը կհակասի համալիրի պահպանմանը եւ կխախտի ռեժիմը. չկա սահման, չկա արգելք: Եւ դա արդեն իսկ կատարվեց «Արեւիկ» ազգային պարկի մեջ մասնակիորեն մտնող Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագծի հասարակական լսումների ժամանակ: Ազգային պարկն ունի սահմաններ, որոնք հաստատվել են պարկի ստեղծման ժամանակ, իսկ Զանգեզուրի կենսոլորտային համալիրը, որի մեջ մտնում է այդ ազգային պարկը, հաստատված սահմաններ չունի:

Նշենք, որ Զանգեզուր կենսոլորտային համալիրի ստեղծման մասին որոշմանը ոչ քիչ նպաստեց գերմանական KfW բանկի հետ կնքված պայմանագիրը, որը պետք է 8.2 միլիոն եվրո տրամադրի համալիրի զարգացման համար: Գումարները դեռ չեն փոխանցվել:

Բնապահպանության նախարարությունը «կանաչ» լույս վառեց Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման համար:

27 նոյեմբերի 2014թ.
ԷկոԼուր

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: