12/06/2025

Էկոլոգիա եւ շրջակա միջավայր

Էկոլոգիա եւ շրջակա միջավայր

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) Սյունիքի մարզի ներկայացուցչությունը Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) Կապանի մասնաճյուղում միավորել էր տարածաշրջանի ֆիզկուլտուրայի մասնագետներին եւ կազմակերպել «Էկոլոգիա եւ շրջակա միջավայր» թեմայով դասընթաց:

Դասընթացին մասնակցել են տարածաշրջանի ֆիզկուլտուրայի մասնագետներ, ԿԱԻ-ի եւ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ (թվով` 30 հոգի):

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզի ներկայացուցչության տնօրեն Արշամ Սարգսյանը` կարեւորելով էկոլոգիական եւ շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրները մարդկության` առավելապես մարզիկների առողջության եւ կենսագործունեության բնագավառում:

Այնուհետեւ զեկույցներով հանդես եկան ՀԱՕԿ-ի գրասենյակի համակարգող Մանե Հակոբյանը, Կապանի N1 հիմնական դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սոնա Բաղդասարյանն ու ԿԱԻ-ի գլխավոր մասնագետ Լիլիթ Բաբայանը:

Ելույթներում եւս մեկ անգամ ազդարարվում էր, որ մեր իրականության մեջ էկոլոգիական եւ բնապահպանական հիմնահարցերը գնալով մեծ զարգացում են ապրում, եւ պետք է սեփական քայլերով օրինակ ծառայել համայնքաբնակներին:

ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզի ներկայացուցչությունը հյուրերի համար պատրաստել էր անակնկալ` հյուրերը համտեսեցին օլիմպիականի լոգոյով պատկերված տոնական տորթը` մտերմիկ սեղանի շուրջ ծանոթանալու, ավելի արդյունավետ քննարկում ակնկալելու համար:

Հանդիպման ավարտին Ա.Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` միջոցառմանը մասնակցելու, ինչպես նաեւ ԿԱԻ-ի Կապանի մասնաճյուղի աշխատակազմին` դասընթացի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու եւ անմասն չմնալու կապակցությամբ…

Նոյեմբերի 19-ին ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզի ներկայացուցչությունը Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան եւ աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցների սաների  ու մարզիչների  մասնակցությամբ եւ աջակցությամբ Բաղաբուրջի հուշահամալիրում կազմակերպեց «Էկոլոգիա եւ շրջակա միջավայր» թեմայով դասընթացի երկրորդ` գործնական հանդիպումը:

Հանդիպման սկզբում մարզադպրոցի սաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին, այնուհետեւ հուշարձանի տարածքում սկսեցին սանիտարական մաքրման եռանդուն աշխատանք:

Աղբից մաքրված բացատում երեխաներն իրականացրեցին ծառատունկ: Աշխատանքներին աջակցեց «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն:

Աշխատանքներն ընթացան պլանավորվածի համաձայն: Երեխաները գոհ էին իրենց կատարած աշխատանքից, ինչի մասին վկայում էր տարածքի մաքուր եւ բարեկեցիկ տեսքը…

ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզի ներկայացուցչության տնօրեն Արշամ Սարգսյանը վստահեցրեց, որ նման ծրագրերը կլինեն շարունակական եւ հետագայում այդպիսի միջոցառումներ կիրականացվեն մարզի այլ համայնքներում:

ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզի ներկայացուցչություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: