01/11/2025

Աշոտավանում ոչնչանում են մեղուները, իսկ մասնագետները գլուխ չեն հանում

Աշոտավանում ոչնչանում են մեղուները, իսկ մասնագետները գլուխ չեն հանում

Աշոտավան համայնքն աշխարհագրական բարենպաստ դիրք ունի Սիսիանի տարածաշրջանի շատ գյուղերի հետ համեմատ: Սիսիանից վեց կիլոմետր, իսկ մի քիչ ավելի հեռու է Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհից: Հաշվված րոպեների ընթացքում կարելի է հասնել Սիսիան, մանավանդ վերջերս այդտեղ տանող ճանապարհը փոքրիշատե բարեկարգվել է: Գյուղը կառուցված է հարթության վրա, ուղղաձիգ փողոցներով: Բայց լեռնային համայնքների նման ունի հոգսեր ու խնդիրներ: Համայնքը 2006 թվականից ղեկավարում է Արմեն Բեգլարյանը:

Պատմական ակնարկ

Բնակավայրի նախկին անվանումներն են Աղքենդ, Թազաքենդ, Կիրակոսիկ: Այս վերջին անունով հիշատակվում է 13-րդ դարից: Ըստ հին հարկացուցակի` Տաթեւի վանքին վճարում էր 12 միավոր հարկ: Աշոտավանը հիմնադրվել է Պարսկաստանի Խոյ գավառից գաղթած տասներկու ընտանիքի կողմից եւ հետագայում ավելանալով ու լրացվելով Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների մի քանի գյուղերից վերաբնակեցված ընտանիքներով` կազմավորվել է արդեն ինքնուրույն համայնք: 1870-76թթ. գյուղն ամբողջությամբ կառուցվել է, եւ քանի որ նրա շրջակայքը հարուստ էր կավով, նորակառույց տների պատերը կավով ծեփվել ու սպիտակեցվել են, ուստի գյուղի տները սպիտակ գույնի էին, որի պատճառով գյուղն անվանվում է Աղքենդ (պարսկերենից թարգմանված նշանակում է "Սպիտակ գյուղ"):

1978թ. մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջարկությամբ Մեծ հայրենականում  զոհված իր մարտական ընկերոջ` Աշոտ Սարգսյանի հիշատակին գյուղը վերանվանվել է Աշոտավան (Աշոտ Սարգսյանը մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցի քրոջ` Շուշանի որդին է): Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտեր մեկնեց 161 աղքենդցի, որից 72-ը չտեսավ հայրենի գյուղի վրա բացվող խաղաղ առավոտները: Երախտապարտ աշոտավանցիները մարտերում ընկած համագյուղացիների հիշատակը հավերժացրել են` գյուղին հարակից բլրի վրա կառուցելով հուշարձան-կոթող, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1972 թվականին:

1960-ականներին Որոտանի հիդրոկայանների համակարգը կառուցելու համար գյուղի տարածքը մնալու էր Տոլորսի ջրամբարի տակ, որի պատճառով նախկին գյուղից հյուսիս-արեւմուտք կառուցվեց նոր բնակավայր, որ բնակեցվեց 1970 թվականի առաջին կեսում: Ջրի տակ անցավ հին գյուղատեղին, մնաց միայն Սբ Հռիփսիմե եկեղեցին, որ ջրամբարի լցվելուց հետո էլ կանգուն մնաց ջրի մեջ:

Արցախյան պատերազմից անմասն չմնացին աշոտավանցիները: Գոյամարտին աշոտավանցիներն ընդգրկված էին "Սիսական" գնդում եւ մասնակցել են Զանգելանի, Կուբաթլիի, Լաչինի, Քելբաջարի (Քարվաճառ) ազատագրման կռիվներին: Նրանցից հինգն իր կյանքը դրեց հայրենիքի փրկության զոհասեղանին` Սպարտակ Ղարիբյան, Վահան Գրիգորյան, Գագիկ Ղեւոնդյան, Արթուր Հակոբյան, Արտյոմ Ունանյան:

Այնուամենայնիվ, գյուղն առանց հավատի տաճարի չմնաց: Այդ բացը լրացրեց աշոտավանցի բարերար Շողիկ Ներսիսյանը, ում հովանավորությամբ գյուղին հարակից բլրի ստորոտին կառուցվեց Կաթողիկե սուրբ խաչ եկեղեցի-մատուռը: Եկեղեցու բացումը եւ օծումը տեղի ունեցան 2008-ի հունիսի 15-ին, որը դարձավ Աշոտավանի բնակչության սրբատեղին: Համայնքի ղեկավարի  միջնորդությամբ գյուղի ավագանին Շողիկ Ներսիսյանին շնորհեց Աշոտավանի պատվավոր քաղաքացու կոչում:

Գյուղի այսօրը

Համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանի փոխանցմամբ` վերջին մարդահամարի տվյալներով` գյուղում հաշվառված է 640 մարդ, փաստացի բնակվում է 480-ը: Վերջին 20 տարում Աշոտավանի բնակչության թիվը պակասել է 100-ով: Ինչ վերաբերում է արտագաղթին, գյուղից հեռացել է տասը-տասներկու ընտանիք, իսկ ընդհանրապես 28-30 երիտասարդ տարվա ընթացքում մեկնում է արտագնա աշխատանքի: Սփոփող հանգամանք է այն, որ յուրաքանչյուր տարի 0-6 տարեկան երեխաների աճ է գրանցվում, եւ համայնքապետի հաշվարկներով` մի քանի տարի հետո գյուղի դպրոցի աշակերտների թիվը կտատանվի 90-100-ի սահմաններում: Գյուղում նաեւ հարսանիքներ են լինում (այս տարում` երեք), նաեւ վեց ծնունդ է գրանցվել: Գյուղի մանկապարտեզ 25 մանուկ է հաճախում, նախակրթարանը պահելու համար ծախսվում է տեղական բյուջեի առյուծի բաժինը (զրուցակցիս ձեւակերպումն է): Բայց ամեն գնով ձգտում են պահպանել նախակրթարանը, մանավանդ որ հարեւան Թասիկ եւ Հացավան համայնքներից էլ են երեխաներ հաճախում: Մանկապարտեզը հիմնանորոգվել է եւ կահավորվել "Քաունթերփարթ ինթերնեյշնլ" կազմակերպության ֆինանսավորմամբ (հատկացրել է 10մլն դրամ), համայնքը հանդես է եկել որպես համաֆինանսավորող (տրամադրել է չորս մլն դրամ): Ի դեպ, տեղական բյուջեի մասին: Պետական լրավճարի հետ միասին կազմում է 10մլն դրամ, ձեւավորվում է հողի հարկից եւ գույքահարկից. "Այլ եկամուտներ չունենք, – կռահում է միտքս Ա.Բեգլարյանը, – գյուղը սակավահող համայնք է, մեկ ծխին ընկնում է 1.4 հա հող: Բացի տնամերձերից Աշոտավանը ոռոգելի այլ հողեր չունի: Սահմանափակ են արոտները, ոչ արդյունավետ, ինչը չի նպաստում անասնապահության զարգացմանը: Գյուղացու միակ հույսը մնացել է սեփական տնամերձը, վարելահողը 340 հա է, ինչը մեծ համայնքի համար փոքր թիվ է: 168 հա հող մնացել է Տոլորսի ջրամբարի տակ: Այդքանի դիմաց կառավարությունը համայնքին հատկացնում է 420 հազար դրամ փոխհատուցում, որն այս դեպքում խորհրդանշական գումար կարելի է համարել: Ժամանակին այդ որոշման դեմ բողոքել ենք, ի դեպ, նման մտահոգություն ունեն նաեւ հարեւան համայնքները` Տոլորսը եւ այլն: Բայց կառավարությունը մնում է անդրդվելի":

Ուշագրավն այն է, որ գյուղը հիմնականում զբաղվում է ազնվամորու մշակությամբ: Դեռ ավելին, դա դառնում է գյուղի համար ավանդական ճյուղ: Ինչպես Արմեն Բեգլարյանն է փաստում, բանջարաբոստանային մշակաբույսերի (ասենք` կարտոֆիլի) փոխարեն ազնվամորի են աճեցնում: Բավականին ձեռնտու է, մանավանդ իրացման խնդիր չկա, եւ հատապտղի կիլոգրամը գնվում է 800-900 դրամով: Իրողությունն այն է, որ ավելանում են ազնվամորու ցանքատարածությունները:

Ոռոգման եւ խմելու ջրի խնդիր չկա համայնքում: Խմելու ջրի ներքին ցանցը նորոգված է, եւ տնտեսություններն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ: Նախանցյալ տարի Բռնակոթի ջրակուտակիչ ավազանից ոռոգման ջրի նոր ջրագիծ էր անցկացվել: Արդեն հիշատակեցինք գյուղի մատուռը կառուցած բարերարի մասին: Համայնքին օգնության ձեռք մեկնո՞ւմ են այլ բարեգործներ, մանավանդ արտերկրում բնակվող: "Առայժմ նրանց օժանդակությունը չենք տեսել, խոստացել են իրենց գործերը լավանալուն պես անպատճառ օգնել", – ասում է զրուցակիցս:

Անվանի աշոտավանցիներ

Աշոտավանը տվել է գիտության դոկտորներ եւ պետական գործիչներ, զինվորականներ: Գյուղի երեւելի զավակների, ինչպես նաեւ Աշոտավանի կազմավորման, նրա ընթացքի, ժողովրդի խոսվածքի, ավանդույթների մասին տեղեկություններ կարելի է քաղել այդ գյուղի ծնունդ Արշակ Ղուկասյանի "Աշոտավան" գրքույկից, որ այս տարի է լույս տեսել:

Հայրենական մեծ պատերազմում դիվիզիայի 20 հրամանատարից երկուսն աշոտավանցիներ են` ընդ որում` նույն ընտանիքից (քրոջ որդիներն են մեծանուն հայ պատմաբան, բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի): Աշոտ Սարգսյանը տաղանդավոր եւ բազմակողմանի զարգացած զինվորական էր: Մարշալ Բաղրամյանը մշտապես գնահատել է նրա տաղանդը: Երբ սկսվեց Մեծ հայրենականը, գնդապետ Աշոտ Սարգսյանի դիվիզիան պատերազմի ամենադաժան հորձանուտներում էր: Չնայած թշնամու զորքերի քանակական գերազանցությանը` դիվիզիան մի քանի անգամ կարողացել է դուրս գալ շրջափակումից: Հրամանատարը զոհվել է ուկրաինական Վիննիցա քաղաքի համար մղվող անհավասար մարտում: Թաղվել է հոսպիտալի բակում: Ի դեպ, Հովհաննես Բաղրամյանն է եղել թաղման արարողության կազմակերպիչը:

Նրա եղբայր Անդրանիկ Սարգսյանը Մոսկվայում ստացել է ռազմական կրթություն, ծառայել է խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում: 1942թ. վերակազմավորել է հայկական 89-րդ (հետագայում` Թամանյան) դիվիզիան եւ եղել նրա հրամանատարը: Այնուհետեւ առաջին Բելառուսական ռազմաճակատի կազմում` որպես 155-րդ դիվիզիայի հրամանատար, մասնակցել է ռազմական բոլոր գործողություններին եւ Բեռլինի ազատագրմանը: Պատերազմից հետո Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում նշանակվել է տակտիկայի դասախոս: 1949-53թթ. անհիմն բռնադատվել է, առանց դատավճռի պահվել Նովոչերկասկի բանտում: Ազատվելուց հետո աշխատել է պատերազմի վետերանների Մոսկվայի քաղաքային վարչությունում, "Գիտելիք" ընկերության մասնաճյուղերում: Մահացել է 1965թ. Մոսկվայում:

Գյուղի երեւելի զավակներից է պետական գործիչ Գրիգոր Հասրաթյանը, ով եղել է Լենինականի եւ Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, զբաղեցրել կարեւոր այլ պաշտոններ: Նրա անվան հետ են կապում Լենինականում եւ Երեւանում քաղաքաշինության արմատական խնդիրների իրականացումը, բնակչության սպասարկման ձեւերի ու մեթոդների նորովի լուծումները:

Սիսիանի շրջանը ղեկավարած մարդկանց մեջ առանձնացել է Սինոդ Մարգարյանը, ում պաշտոնավարման օրոք գյուղատնտեսության բնագավառի մի խումբ աշխատողներ արժանացան սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Ակտիվորեն մասնակցել է Մեծ հայրենականին (դիվիզիայի գնդի հրամանատարի քաղգծով տեղակալն էր), հետպատերազմյան տարիներին հանրապետության մասշտաբով ղեկավար պաշտոններ է վարել:

Աշոտավանի ծնունդ է նաեւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ավագ Ավանեսյանը, ով 1975 թվականից դասավանդում էր Երեւանի ժողտնտեսության ինստիտուտում, նախ` արդյունաբերության պլանավորման ամբիոնի վարիչ, այնուհետեւ` 1984-ին, նշանակվել է բուհի գիտական գծով պրոռեկտոր, որտեղ աշխատել է մինչեւ կյանքի վերջը: Հոր հետքերով է գնացել տնտեսագիտության թեկնածու Վահրամ Ավանեսյանը, ով հանրապետության կառավարության կազմում բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում` ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Համայնքի հիմնախնդիրները

Համայնքի ղեկավարին խնդրեցինք ներկայացնել գյուղի առջեւ ծառացած հիմնախնդիրների շրջանակը: Պարզվեց, որ առաջին պլանին Աշոտավանի գազիֆիկացումն է, քանի որ այն հեռու է անտառներից, եւ ձմռանը բնակիչներն իրենց տները ջեռուցելու այլընտրանք չունեն: Գազատարն անցնում է գյուղից 4-4.5 կմ հեռավորության վրա, սա որոշակի խնդիր է հարուցում: Բայց եթե կապույտ վառելիքը հասնի գյուղ, անհատական տներին դյուրին կլիներ գազ մատակարարելը, քանզի համայնքի փողոցներն ուղղաձիգ են, զուգահեռաբար ձգվող, եւ ֆինանսական մեծ միջոցներ չեն պահանջվի: Դա շատ խնդիրներ կլուծի լեռնային այդ գյուղում, մանավանդ ձմռան ամիսներին, երբ աշոտավանցիներն իրենց բնակարանները տաքացնելու լուրջ խնդիր ունեն: Վառելափայտ գյուղ ներկրում են դրսից, եւ ներկրողն իր գինն է առաջարկում: Չերկարացնենք` գյուղաբնակի վրա վառելափայտի մեկ խորանարդ մետրն արժենում է 22-23 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր ընտանիք ձմռան տարեշրջանում օգտագործում է յոթ-ութ խորանարդ մետր վառելափայտ, դրան գումարած այս կողմերում տարածված ավանդական վառելիքը` աթարը, իսկ ընդհանրապես, գյուղապետի հավաստմամբ, գյուղաբնակների 30-40 տոկոսը տները տաքացնում է հենց ավանդական վառելիքով:

Գյուղաբնակի համար հաջորդ խնդիրն իր արտադրած գյուղմթերքի իրացումն է, մանավանդ մսի: Զրուցակիցս հայտնում է, որ տարեվերջը վարկերի վերադարձման ժամանակն է, իսկ վարկառու է գյուղի 90 տոկոսից ավելին: Աշոտավանցին պատահական վայրում է միսն իրացնում, մի մասին հաջողվում է, մյուսին` ոչ: Կարտոֆիլն այս անգամ իրացվել է, իսկ կաղամբը` ոչ: Գյուղում հինգ-վեց ընտանիքից յուրաքանչյուրն աճեցրել ու հավաքել է 10-12 տոննա կաղամբ, իսկ ընդհանուր արտադրվել է մոտ 100 տոննա կաղամբ, որ պիտի իրացվի, բայց ինչպե՞ս…

Գյուղում յոթ-ութ ընտանիք զբաղվում է մեղվաբուծությամբ, բայց վերջին շաբաթներին ինչ-որ հիվանդություն է տարածվել, որից մասսայաբար ոչնչանում են մեղուները, իսկ մեղվապահներն ու մասնագետներն առայժմ գլուխ չեն հանում դրանից…

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: