03/15/2026

Ճանաչված երգեհոնահարի անվամբ

«Կապանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստի օրակարգում եղել է նաեւ քոլեջի երգեհոնային դահլիճը ՀՀ ժողովրդական արտիստ, երգեհոնահար Վահագն Պարույրի Ստամբոլցյանի անունով կոչելու հարցը:

Քոլեջի տնօրեն Լիաննա Հակոբյանը ներկայացրեց ՀՀ ժողովրդական արտիստ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի դերն ու ավանդը Հայաստանում, այդ թվում եւ Կապանում, երգեհոնային երաժշտարվեստի կայացման, զարգացման ու տարածման գործում: Վահագն Ստամբոլցյանն անգնահատելի ներդրում է ունեցել Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնից ձեռք բերված երգեհոնը Կապանի երաժշտական ուսումնարանի համերգային մեծ դահլիճում տեղադրելու եւ կարգաբերելու հարցում, որն իրականացվել է 1975 թվականին:

Վահագն Ստամբոլցյանն առաջինն է հնչեցրել կապանյան գրանցում ստացած երգեհոնը եւ ողջ գործունեության ընթացքում իր դասարանի սաների հետ պարբերաբար համերգներով հանդես եկել Կապանում: Անվանի երգեհոնահարը սիրով գիտելիքներն է փոխանցել նաեւ կապանցի շնորհաշատ երաժիշտներին (Աննա Առուստամյան, Մերի Մովսիսյան, Մարինա Նահապետյան), որոնք այսօր էլ հնչեցնում են կապանյան երգեհոնը:

Արժեւորելով Վահագն Ստամբոլցյանի նշանակալի ավանդն ու ներդրումը քոլեջի համերգային մեծ դահլիճում երգեհոնի տեղադրման, Կապանում երգեհոնային երաժշտարվեստի կայացման, զարգացման ու տարածման գործում, Կապանի արվեստի պետական քոլեջի կառավարման խորհուրդը որոշեց քոլեջի երգեհոնային դահլիճը կոչել ՀՀ ժողովրդական արտիստ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի անունով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: