01/11/2025

Սյունիքում նշվեց Սուրբ ծննդի եւ Աստվածահայտնության տոնը

Սյունիքում նշվեց Սուրբ ծննդի եւ Աստվածահայտնության տոնը

Հունվարի 6-ին մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը հավուր պատշաճի նշվեց Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի եկեղեցիներում: Ամենուրեք մատուցվեց Սուրբ եւ Անմահ պատարագ:

Սյունյաց աշխարհի հոգեւոր կենտրոնում՝ Տաթեւի վանքում, Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը:

Հրաշափառ արարողակարգի ընթացքում Մակար վարդապետ Հակոբյանը շնորհավորեց եկեղեցական դասին եւ Սյունիքի ժողովրդին՝ Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ:

Սուրբ պատարագի արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ Տաթեւի վանքի 2015թ. խաչի քավոր, ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը:

Հունվարի 5-ի երեկոյան ճրագալույցի արարողություն կատարվեց, իսկ հունվարի 6-ին Սուրբ պատարագ մատուցվեց նաեւ մարզի քաղաքների եկեղեցիներում:

Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում այն մատուցեց տեր Վահան քահանա Հեբոյանը, այս տարի եկեղեցու խաչի քավորն Էդգար Բաղդասարյանն է:

Սիսիանի Սբ Գրիգոր եկեղեցում Սուրբ պատարագ է մատուցել տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, եկեղեցու 2015թ. խաչի քավորը Տարոն Մինասյանն է:

Մեղրու Սբ Աստվածածին եկեղեցու խաչի քավորն այս տարի Սերգո Գալստյանն է, այստեղ Սուրբ ծննդյան եւ Աստվհածահայտնության տոնին Սուրբ պատարագ է մատուցել տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը:

Քաջարանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը Սուրբ պատարագ է մատուցել
Վերին Հանդի Սբ Աստվածածին եւ Քաջարան գյուղի Սբ Հակովբ եկեղեցիներում: Սուրբ Աստվածածին եկեղեցու 2015թ. խաչի քավորը Վարդան Մկրտչյանն է:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: