01/15/2025

Հանձնաժողովը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները

«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հեպատիտ C-ով վարակի դեպքերի կապակցությամբ համաճարակային իրավիճակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրություն կատարած հանձնաժողովն Արմեն Մուրադյանին զեկուցեց արդյունքների մասին:

Նշվեց, որ արդեն կատարվել են հիվանդանոցում 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի եւ վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննություններ: Վերջնական ախտորոշման արդյունքում 95 հետազոտվածից 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ C-ով վարակվածություն: Նրանցից 7-ի մոտ ախտորոշվել է սուր հեպատիտ C: Վիճակագրական տվյալներով` սուր կլինիկական ձեւերի 35-40 տոկոսի մոտ արձանագրվում է ինքնուրույն առողջացում: Բոլոր վարակակիրները գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մասնագետների հսկողության ներքո, բոլորի մոտ առկա է կլինիկական եւ բիոքիմիական լավացում: Նախարարի հանձնարարությամբ` յուրաքանչյուր հիվանդի համար մշակվել է գործելակարգով հաստատված բուժման սխեմա, անհրաժեշտ ախտորոշման եւ դեղորայքի ցանկ:

Նախարարությունը հորդորում է 2014թ. վիրահատված մյուս քաղաքացիներին` մինչեւ փետրվարի վերջը ներկայանալ հետազոտության Քաջարանի ԲԿ կամ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանի վերաբացման նպատակով Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներին հանձնարարեց կարճ ժամանակում բժշկական գործիքների, վիրահատարանի եւ վիրաբուժական բաժանմունքի ախտահանման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումների ձեռքբերման առաջարկ ներկայացնել ԲԿ-ին եւ մանրակրկիտ ախտորոշում կազմակերպել: Միաժամանակ, հանձնարարեց բժշկական ծառայությունների անվտանգությունն ապահովելու նպատակով մեկ ամիս սահմանել ամենօրյա ամենաբարձր մակարդակի հսկողություն` մինչեւ նոր պատասխանատուները լիովին կյուրացնեն գործընթացը:

ՀՀ առողջապահության նախարարություն
30 հունվարի 2015թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: