01/11/2025

Կառավարությունը հավանություն տվեց Որոտանի հէկերի համալիրի վաճառքի նորացված պայմանագրին

Կառավարությունը հավանություն տվեց Որոտանի հէկերի համալիրի վաճառքի նորացված պայմանագրին

Կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հավանություն է տվել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության առուվաճառքի պայմանագրի լրամշակված տարբերակին:

Ըստ գործադիրի՝ լրամշակված տարբերակը բարեփոխված է եւ նպատակ ունի կողմերի իրավահարաբերություններն առավել հավասարակշռված եղանակով կարգավորել: Փաստաթուղթը կառավարության անունից ստորագրելու լիազորությունը վերապահվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին:

Հայաստանի կառավարությունն ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների հետ Որոտանի հեկերի գույքի առուվաճառքի մասին պայմանագիր ստորագրել էր 2014-ի հունվարին:

Ամերիկյան «Կոնտուր գլոբալ» (Contour Global) ընկերության կողմից Որոտանի հէկերի համալիրը գնելու շուրջ ՀՀ կառավարության հետ բանակցությունների մասին հաղորդագրությունը տարածվել էր 2013թ. հունիսին, իսկ նոյեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել էր, որ «Կոնտուր գլոբալ» ընկերությունը 180 մլն դոլարի ներդրում կանի Հայաստանի էներգետիկ ոլորտում: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014թ. նոյեմբերի 27-ին թույլատրել էր պետական «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառել «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը:

Գործարքը Հայաստանում քննադատության է արժանացել կոռուպցիոն ռիսկերի առումով. առուվաճառքի պայմանագրով գումարը փոխանցվելու էր ոչ թե Հայաստանի կառավարության անմիջական տնօրինությանը, այլ հէկերը շահագործող պետական ընկերության հաշվին՝ դրանից բխող չարաշահումների ռիսկով: Բացի այդ, գործարքը չէր հաստատվելու Ազգային ժողովի կողմից: Դեկտեմբերին հայկական կողմը հայտարարեց, որ «ձգձգումների պատճառ հանդիսացող հարցերը լուծված են»:

Որոտանի հէկերի համալիրին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15 տոկոսը:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: