01/11/2025

Կտրուկ շրջադարձ Սիսիանի քաղաքապետարանի դատական գործում

Կտրուկ շրջադարձ Սիսիանի քաղաքապետարանի դատական գործում

Քանիցս տեղեկացրել ենք այն մասին, որ Սիսիանի քաղաքապետարանի եւ «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի մի քանի աշխատակցի մեղադրանք է առաջադրվել. Արմեն Հովակիմյան` «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն, Հասմիկ Եսայան` «Սիսիանի լրատու» ՍՊԸ հաշվապահ, Կարեն Դանիելյան` Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ, Աղասի Հակոբջանյան` Սիսիանի քաղաքապետ, Աշոտ Գրիգորյան` Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ:

2014թ. հուլիսի 16-ին մեկնարկած դատավարությունը, սակայն, կտրուկ շրջադարձ է ունեցել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015թ. փետրվարի 3-ի դատական նիստում (դատավոր` Նապոլեոն Օհանյան) ընդունվել է որոշում` գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին:

Դրա համար հիմք է հանդիսացել Սյունիքի մարզի դատախազության միջնորդագիրը «Առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու մասին»` ստորագրված մարզի դատախազության դատախազ Ֆ.Հովհաննիսյանի կողմից: Միջնորդագրում մասնավորապես նշվել է` «Դատաքննության ընթացքում մի շարք ապացույցների հետազոտման արդյունքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին… մինչդատական վարույթում եւ որոնց շուրջ քննություն կատարելու դեպքում հնարավոր է փոփոխվեն Աղասի Հակոբջանյանին եւ Կարեն Դանիելյանին առաջադրված մեղադրանքները»:

Անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու նպատակով առաջարկվել է դատական քննությունը հետաձգել 20 օր ժամանակով:

Լրացուցիչ նախաքննության արդյունքում վերաորակվել է Աղասի Հակոբջանյանին ներկայացված մեղադրանքը: Հիմա Սիսիանի քաղաքապետը մեղադրվում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 315-ի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն), այլ Հոդված 308-ի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Նոր մեղադրանքը ենթադրում է` «...Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»:

Դատական վերջին նիստը տեղի է ունեցել մարտի 10-ին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: