Մարտի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է 2014 թվականի լավագույն դատավորներին ու դատարանները:
Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն դատավոր» եւ «Տարվա լավագույն դատարան» մրցանակները սահմանվել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ և շնորհվում են յուրաքանչյուր տարի:
2014 թվականի լավագույն դատավորների եւ դատարանների ընտրության նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 10Լ որոշմամբ ձեւավորել է հանձնաժողով` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները եւ վերաքննիչ դատարանների նախագահները: Հանձնաժողովը պետք է կատարեր համապատասխան ուսումնասիրություններ եւ ներկայացներ եզրակացություն հարցի վերաբերյալ: Հանձնաժողովը սահմանել է «Տարվա լավագույն դատավոր» եւ «Տարվա լավագույն դատարան» անվանակարգերում թեկնածուների որոշման հիմնական չափորոշիչները, դրանք են՝
- քննվող գործերի քանակը,
- բողոքարկված եւ բեկանված կամ փոփոխված գործերի քանակը,
- գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը,
- դատավորների մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին, սեմինարներին և այլ միջոցառումներին,
- կարգապահությունը,
- դատավորի դեմ ներկայացված հիմնավոր դիմում-բողոքները,
- դատավորի մասին մամուլի հիմնավորված հրապարակումները,
- ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական եւ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովներում վարույթների հարուցումը և դրանց ընթացքը,
- դատավորի վարքագիծը եւ հեղինակությունը,
- կոլեկտիվի վերաբերմունքը դատավորի նկատմամբ:
Վերոնշյալ չափանիշների հիման վրա` 2014 թվականի լավագույն դատավոր է ճանաչվել նաեւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը:
Ի դեպ, Նապոլեոն Օհանյանը «Տարվա լավագույն դատավոր» է ճանաչվել նաեւ 2011թ.:
Տարվա լավագույն դատարան է ճանաչվել նաեւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը:
Սեփ. լրատվություն