01/11/2025

Համայնքների խոշորացման ծրագրի գործնական մեկնարկը տրված է

Համայնքների խոշորացման ծրագրի գործնական մեկնարկը տրված է

ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստում մեկնարկ տրվեց համայնքների խոշորացման ծրագրին:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունը դեռեւս 2011թ. նոյեմբերի 10-ին հավանություն է տվել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին:

Մինչ ծրագրի ամբողջական իրականացումը, 2015թ. կիրականացվի պիլոտային երեք ծրագիր` Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում:

Սյունիքի մարզում առաջարկվում է միավորել Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները` Տաթեւ համայնք անվամբ ու Շինուհայր համայնքային կենտրոնով:

Այդ նպատակով 2015թ. մայիսի 17-ին նշանակվել է տեղական հանրաքվե` հանրաքվեի դնելով հետեւյալ հարցը` «Համաձա՞յն եք, որպեսզի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները միավորվեն` Տաթեւ համայնք անվամբ, Շինուհայր համայնքի կենտրոնով»:

ՀՀ կառավարությունը նույն օրվա նիստում ընդունել է նաեւ որոշումներ` տեղական հանրաքվեների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու վերաբերյալ:

Խոշորացման համար Սյունիքի մարզում ընդգրկվել է նաեւ երեք համայնքային փունջ: Դրանք են` Սառնակունք (Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան), Գորիս (Գորիս, Ակներ, Վերիշեն, Քարահունջ), Մեղրի (Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն):

Այդ համայնքներում տեղական հանրաքվեների անցկացման հարցը կքննարկվի լրացուցիչ:

Բազմաթիվ ռիսկեր պարունակող այդ փորձարկումը, ըստ էության, կոչված է վերջ տալու լեռնային գյուղերին համակած հոգեվարքին: Եթե այդ ամենից հետո շարունակվի գյուղերի քայքայումը, ապա կնշանակի, որ մենք հերթական անգամ մեծագույն մեղք ենք գործել հազարամյակներով ձեւավորված ու փրկություն աղերսող գյուղերի հանդեպ:

Եվ այդ ամենի պատասխանը կիմանանք ժամանակի ընթացքում, թեեւ այդժամ կառավարության միջամտության կարիքը գուցե եւ չզգացվի` ուշացած լինելու պատճառով:

«ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: