11/01/2020

Մեղրու ճանապարհաշինական ընկերությանը` ՀՀ կառավարության մրցանակ

Մեղրու ճանապարհաշինական ընկերությանը` ՀՀ կառավարության մրցանակ

Մարտի 10-ին Երեւանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում, տեղի է ունեցել արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման եւ համապատասխանության գնահատման գծով փոխնախագահ Անդրեյ Լոցմանովը, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի խոշոր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Մինչ ընկերություններին մրցանակների հանձնումը, միջոցառումը բացել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը:

Հայաստանի կառավարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին, Գ. Բադալյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում հայրենական արտադրողներին հուզող խնդիրները, ինչպես նաեւ փորձում է խրախուսել եւ խթանել տեղական արտադրությունը:

«Էկոնոմիկայի նախարարությունը մեծ տեղ է տալիս հատկապես որակի ենթակառուցվածքի միջոցով տեղական արտադրության մրցունակության բարձրացման մեխանիզմներին, ինչպես նաև արտաքին շուկաներում մեր արտադրողների համար առեւտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը: Այդ առումով յուրաքանչյուր տարի մշակվում են հարյուրավոր նոր ազգային ստանդարտներ, ներդրվում են չափումների միասնականությունն ապահովող նոր էտալոններ, կատարելագործվում է հավատարմագրման համակարգը, իրականացվում է շուկայում անարդար մրցակցության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման վերահսկողություն», – ասել է էկոնոմիկայի փոխնախարարը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաեւ Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման եւ համապատասխանության գնահատման կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Լոցմանովը: Վերջինս շնորհավորել է մասնակիցներին միջոցառման անցկացման, իսկ մրցանակակիրներին կարեւոր մրցանակների շնորհման կապակցությամբ եւ նշել, որ «վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն աշխատում է մեզ հետ` որակի պահանջների բարձրացման ուղղությամբ: Հայկական արտադրանքն արդեն իսկ շատ հայտնի է Ռուսաստանում, սակայն այն ներկայացնելու եւ տարածելու առումով մեծ հնարավորություններ կան»: Ա.Լոցմանովը նաեւ կարեւորել է ստանդարտների համապատասխանեցումն ու որակի ապահովումը` երկրների առեւտրային կապերի տեսանկյունից:

Ամենամյա մրցանակաբաշխության կարեւորության եւ առանձնահատկությունների մասին խոսել է նաեւ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը եւ ընդգծել, որ մրցանակաբաշխության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մրցանակների արժանացած կազմակերպությունները կարող են հետագայում մասնակցել միջազգային մրցանակաբաշխություններին:

2014 թվականին անցկացված մրցանակաբաշխության արդյունքում ՀՀ կառավարության 19 փետրվարի 2015 թվականի N 143-Ա որոշմամբ սահմանվել են մրցանակների արժանացած կազմակերպությունները, որոնց թվում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը:

Միջոցառմանը նաեւ արժեւորվել է կազմակերպություններում որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացը եւ համապատասխան սերտիֆիկատներ են շնորհվել չորս կազմակերպության, որոնք ավարտել են համակարգի ներդրումը եւ սերտիֆիկացման գործընթացը:

Արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում եւ անց է կացվում յուրաքանչյուր տարի Հայաuտանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի N116 որոշմամբ սահմանված կարգով` արտադրանքի եւ ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով: Մրցանակաբաշխությունն անց է կացվում նշված որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից, որի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարն է, իսկ քարտուղարը` Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենը:

«Մեղրու ճանապարհների շահագործման եւ շինարարության ձեռնարկություն» (ՃՇՇՁ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2011 թվականին: Այն իրավահաջորդն է «Մեղրու ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերության՝ ստեղծված 1997 թվականին, վերջինս «Մեղրու ՃՇՇՁ» պետական ձեռնարկության իրավահաջորդն է: Ընդհանուր առմամբ Մեղրու ճանապարհաշինական ձեռնարկությունը վեց տասնամյակի պատմություն ունի, գործում է 1954 թվականից: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են ճանապարհաշինությունը, քաղաքացիական եւ ռազմական նշանակության օբյեկտների շինարարությունը, խճաքարի, բետոնի, ասֆալտբետոնի, երկաթբետոնե կառուցվածքների արտադրությունը, օգտակար հանածոների արդյունահանումը: Ընկերությունում աշխատում է բարձր որակավորում ունեցող տարբեր մասնագիտության եւ շինարարության բնագավառում երկարամյա փորձ ունեցող մոտ 100 մարդ: Ձեռնարկության մեքենայական հավաքակայանում հաշվվում են 85 տարբեր մակնիշների, հզորությունների եւ տեխնիկական հնարավորություն ունեցող մեքենամեխանիզմներ եւ սարքավորումներ:

Ձեռնարկությունը 1996 թվականից ղեկավարում է Ազատ Գասպարյանը, ով ընկերության միակ բաժնետերն է: Որ ազատ Գասպարյանի ղեկավարած ձեռնարկությունը չի սահմանափակվում սոսկ ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելով, պարզորոշ երեւում է նրան պարգեւների արժանացրած գերատեսչությունների ցանկից:

Ահավասիկ, ճանապարհաշինության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար, Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին գործուն մասնակցության համար արժանացել է «Անանիա Շիրակացի» մեդալի (2007թ.), շինարարի օրվա կապակցությամբ՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի (2009թ.), ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալի (2011)՝ քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պատվոգրի (2012), ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` բանակաշինությանն ակտիվ մասնակցության համար՝ հոբելյանական մեդալի (2012 թվական):

Պարգեւների այս շարքում վերջինը մեկ ամիս առաջ ՀՀ կառավարության մրցանակն էր՝ որակի ապահովման բնագավառում: Մրցույթին հայտ էր ներկայացրել 30-ից ավելի կազմակերպություն, որից ընտրվել է վեցը: Դրանց ցանկից պարզորոշ է («Երեւանի կոնյակի գործարան», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» փակ բաժնետիրական ընկերություններ, «Դուստր Մարիաննա», ՀՀ «Դիլիջան» հանքային ջրերի գործարան», «Գյումրու գարեջուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ), որ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը միակ շինարարական կազմակերպությունն է:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության որակի մրցանակին, որին արժանացել է ընկերությունը, ապա այն անցկացվել է երեք փուլով, ընդ որում` երրորդ փուլում ստանդարտների ազգային ինստիտուտի փորձագետների խումբը եղել է Մեղրիում, իրականացրել ասֆալտբետոնի, ճանապարհաշինության մեջ օգտագործվող մյուս շինանյութերի որակի ստուգում, ճշտել դրանց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին: Նաեւ այցելել է շինարարությունում օգտագործվող շինանյութերի պատրաստման արտադրամասեր, Մեղրու բժշկական կենտրոնի շինարարություն, ինչպես նաեւ Ագարակի զորամասի ավտոհավաքակայան, թեեւ այս վերջինը, քանի որ շահագործման է հանձնված, չէր մտնում մրցույթի չափորոշիչների մեջ:

«Պարտավորեցնող է մրցանակն այն առումով, որ միշտ աչքի առաջ ենք ունենալու շինաշխատանքների որակը, նաեւ պատրաստ ենք մեզ շնորհված մրցանակին տեր կանգնել: Նաեւ մտադիր ենք նոր տեխնիկա ու տեխնոլոգիա ներդնել՝ շինարարական աշխատանքի որակն անհրաժեշտ մակարդակի վրա պահելու համար, – ասում է ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը, - ուրախալին այն է, որ որակին ուշադրություն է դարձվում, գուցե կգա ժամանակը, որ մենք առանց մրցույթների կարող ենք շինաշխատանքների պատվեր ստանալ, բազմիցս լսում ենք պատվիրատու կազմակերպություններից, որ մրցույթներում ավելի ցածր գին առաջարկող կազմակերպությունները պարզապես ձախողում են գործը, չեն տեղավորվում աշխատանքներն ավարտելու նախատեսված ժամկետի մեջ»:

Ձեռնարկության տնօրեն Ազատ Գասպարյանի փոխանցմամբ՝ ընկերությունն աշխատանքային ճակատի պակաս չունի, 2015-ին նախատեսված է Մեղրու տարածաշրջանային հիվանդանոցի շենքի շինարարության ավարտը, ընթացիկ տարում առաջին պլանին է նաեւ Ագարակի զորանոցի շինարարությունն ավարտելը, ինչպես նաեւ Մեղրու ջրամատակարարաման համակարգի վերակառուցումը: Նախատեսվում է Մեղրի-Քաջարան խճուղու հինգ կիլոմետրանոց ավտոճանապարհատվածի նորոգում: Դե իսկ Մեղրու տարածաշրջանի միջպետական, հանրապետական ու մարզային ճանապարհների պահպանում եւ շահագործում իրականացվում է յուրաքանչյուր օր ու ժամ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: