01/11/2025

Բելառուսի դեսպանը Սյունիքում

Բելառուսի դեսպանը Սյունիքում

Ապրիլի 6-ին Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան  Ստեփան Սուխարենկոն գերմանական ֆաշիստներից Բելառուսի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին մեդալներ հանձնելու նպատակով Սյունիքում էր: Մարզպետարանում Սուրեն Խաչատրյանի հետ միասին նա մեդալներ հանձնեց Բելառուսի ազատագրմանը մասնակցած 17 վետերանի, որոնցից անձամբ ներկա էր չորս հոգի:

Դեսպանն իր խոսքում նշեց, որ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մեդալներ են շնորհվում Սյունիքի մարզից մասնակիցներին եւս: Նրա հավաստմամբ՝ ե՛ւ վետերանները, ե՛ւ պատերազմում զոհվածների ընտանիքները մշտապես իրենց պետության ուշադրության կենտրոնում են: «Չնայած Բելառուսը բավականին հեռու է Հայաստանից, բայց հայ ժողովուրդն իր դերակատարումն է ունեցել այն ֆաշիստներից ազատագրելու գործում: Մենք մշտապես հիշում ենք նրանց սխրագործությունը եւ ունեցած ներդրումը ԽՍՀՄ հաղթանակի գործում», - նշեց դեսպանը:

Նախագահ Լուկաշենկոյի ուղարկած մեդալներից, վկայագրերից եւ պատերազմական տարիներից հայտնի շնորհակալական եռանկյունածալ նամակներից բացի՝ Սուրեն Խաչատրյանը դրամական պարգեւ հանձնեց վետերաններին:

Սյունիքի մարզպետը, շնորհավորելով վետերաններին, նրանց մաղթեց քաջառողջություն:
Վետերանները շնորհակալություն հայտնեցին Բելառուսի նախագահին եւ դեսպանին՝ իրենց պատվելու եւ մշտապես ուշադրության արժանացնելու համար:

Կապանի վետերանական կազմակերպության նախագահ Ռաֆիկ Հարությունյանը դեսպանին խնդրեց ճշգրտել Բելառուսում պատերազմի ընթացքում զոհված կապանցիների ցուցակը: Վերջինիս հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին, որ այդ ցուցակները նախապատրաստման փուլում են:

Դեսպան Սուխարենկոն, եզրափակելով միջացառումը, ցանկություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունում մշտապես լինի խաղաղություն, իսկ վետերաններն ապրեն ողջ եւ առողջ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ    

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: