08/18/2022

Վազգեն Սարգսյանի վերադարձը

Վազգեն Սարգսյանի վերադարձը

«21-րդ դարը մերն է լինելու». այս հաստատ համոզմունքն ուներ Վազգեն Սարգսյանը: Ավաղ, նախասահմանված չէր նրա ապրելու եւ իր ծրագրերն իրականացնելու երրորդ հազարամյակում: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում պետական ու քաղաքական գործիչը զոհ գնաց ոճրագործի դավադիր գնդակին՝ անավարտ թողնելով բազում մտահղացումներ, որոնց հիմքում ընկած էին հզոր երկրի կառուցման տեսլականը:

Ապրիլի 2-ին մարզկենտրոն Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացման արարողություն, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարներ, հյուրեր մարզի տարբեր ոստաններից, հին ու նոր երկրապահներ: Հուշարձանը երիզող սպիտակ սավանն իջեցնելու պատիվը վերապահվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբորը՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանին: Այնուհետեւ հոգեհանգստյան արարողություն անցկացրեց Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Վահան քահանա Հեոբյանը:

«Հայ ժողովրդի զրկանքների ու տառապանքների, հերոսության ու անկոտրում կամքի շնորհիվ սպարապետ Վազգենի առաջնորդությամբ մենք ազատագրեցինք մեր պատմական հայրենիքի Արցախ աշխարհը, Վազգենը հպարտորեն գոչեց. «Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է», - ուրիշ էլ ի՞նչ ասեր, որ արժանապատվորեն ապրած տարիները եւ ասելիքը մնար որպես կարգախոս մի ողջ ժողովրդի համար, - բացման խոսքում ասաց Սյունիքի մարզպետ, ԵԿՄ-ի Սյունիքի մասնաճյուղի նախագահ Սուրեն Խաչատրյանը: Վազգեն Սարգսյան անհատականության, բանակաշինության գործում ունեցած ավանդի, նրա հայրենանվեր գործերի մասին իրենց ելույթներում մանրամասնեցին Երեւանի պետհամալսարանի պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, ՀՀԿ Կապանի շրջանային խորհրդի նախագահ Ռոմա Սարգսյանը, երկրապահ կամավորների միության Կապանի բաժանմունքի նախագահ Մանվել Օհանյանը, Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը:

«Մարդիկ կատարեցին այս հրաշք գործը, հատկապես Սյունիքում, որտեղ Վազգենը մեծ լումա ունի զինվորական ու պետական կառույցների կայացման գործում: Ինձ համար մեծ հպարտություն է գտնվել այստեղ եւ շնորհակալություն հայտնել Սյունիքի ամբողջ ժողովրդին», - արարողությունից հետո ասաց Արմեն Սարգսյանը:

Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կիսանդրին կերտել է երիտասարդ քանդակագործ Նարեկ Օրդյանը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ ու հովհանավորությամբ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: