01/15/2025

Ազգային գրադարանային շաբաթ

Հայաստանի գրադարանային ասոցիացիան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն մի քանի տարի է` գարնանն անց է կացնում «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումների շարքը: Այս տարվա միջոցառումները` «Պահպանիր եւ հիշիր» կարգախոսով, նվիրված են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ ներառում են ապրիլի 13-20-ն ընկած ժամանակահատվածը:

Ապրիլի 13-ին Սյունիքի մարզային գրադարանում մեկնարկեց միջոցառումների շարքը: Այն կազմակերպել էր գրադարանի մատենագիտության եւ տեղեկատվության բաժինը` Կապանի N7 հիմնական դպրոցի հետ համատեղ: Ինչպես նշեց մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Մինասյանը, որպես մշակութային օջախ` գրադարանը պարտավոր է պահպանել դարերով ձեռք բերված ազգային արժեքները: Նա ներկայացրեց նաեւ անցկացվելիք միջոցառումների ցանկը` գրական երաժշտական ցերեկույթներ, կոնֆերանս, գործնական պարապմունքներ եւ ընթերցանության երեկոներ: Ս.Մինասյանը կանանց եւ գեղեցկության տոնի առթիվ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունից շնորհակալագիր հանձնեց մարզային գրադարանի փորձառու աշխատակցուհի Գոհար Մարգարյանին:

Մատենագիտության եւ տեղեկատվության բաժնի վարիչ Թամարա Ղազարյանն էլ նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունները նախեւառաջ նպատակ ունեն հետագայում կանխարգելելու նմանատիպ ոճրագործությունները: Նա գրադարանային միջոցառումների կազմակերպման գործում բարձր գնահատեց Կապանի N7 հիմնական դպրոցի հետ համագործակցությունը:

Միջոցառման կազմակերպիչներից վերոնշյալ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արշալույս Ոսկանյանը շեշտեց, որ ցեղասպանության հիշողության կարեւորությունը ոչ միայն պատմական փաստերի վերհանումն է, այլեւ հանուն խաղաղ ապագայի բոլոր ազգերի պայքարի կոչը: «Հիրավի, մենք ունենք սերունդ, որ նախնյաց հայրենատենչ գաղափարների կրողն է, եւ որի պահանջը մեկն է` պայքարել հանուն արդարության», – նշեց Ա.Ոսկանյանը:

Այդ սերնդի` իր նախնիներին արժանի հետնորդ լինելու վառ ապացույցն էր աշակերտների ոգեշնչող խոսքը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: