01/12/2025

Խաչքար-հուշակոթող՝ Լեհվազում

Խաչքար-հուշակոթող՝ Լեհվազում

Ապրիլի 22-ին Լեհվազ համայնքում գյուղապետ Սասուն Զաքարյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ Մեծ եղեռնի 100-ամյակի կապակցությամբ բացվեց խաչքար-հուշակոթող, որից հետո դպրոցում կայացավ դաս-միջոցառում: Աշակերտները հայոց եռագույնով եւ 100 անմոռուկազարդ փուչիկներով շարժվեցին դեպի նորակառույց խաչքար:

Խաչքարն օծեց Սյունյաց թեմի Մեղրու Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Ռաֆայելը: Օծման արարողությունից հետո ելույթ ունեցավ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Շեկյանը: Իր ելույթի վերջում Անահիտ Շեկյանը նշեց, որ դեպի երկինք բաց թողնված 100 փուչիկը խորհրդանշում են հազարավոր մանուկների կորսված ժպիտները, նրանց չապրած կյանքը եւ անկատար մնացած երազանքները: Ներկաները ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց դպրոցում: «Քելե լաո»-ի հնչյունների ներքո հաղորդավարները արտասանեցին Հովհաննես Թումանյանի «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը, եւ սկսվեց «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով դաս-միջոցառումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ցեղասպանության կազմակերպման փուլերը, իրագործումը, ճանաչումը, դատապարտումը եւ հայ վրիժառուների գործունեությունը:

Հնչեցին հայրենասիրական երգեր, եւ կատարվեց հայկական ժողովրդական պար: Միջոցառման գագաթնակետը Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից փոքրիկ հատվածի բեմականացումն էր:
Այնուհետեւ դասի մասնակիցները ծափերի ներքո թվարկեցին Մեծ եղեռնը ճանաչած եւ դատապարտած պետությունները:

Ամբողջ դաս-միջոցառման հիմքում ընկած էին ցավն ու բողոքը, ճանաչումն ու դատապարտումը, հավատն ու հաղթանակը եւ մեծ հայրենասիրությունը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցան գյուղապետ Սասուն Զաքարյանը եւ դպրոցի տնօրեն Վարսենիկ Վարդանյանը:

Լեհվազի միջնակարգ դպրոց

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: