01/12/2025

Գորիսի մշակույթի տանը հայի անկոտրում ոգին էր տիրում, իսկ քաղաքում` միասնության շունչը

Գորիսի մշակույթի տանը հայի անկոտրում ոգին էր տիրում, իսկ քաղաքում` միասնության շունչը

Գուսան Աշոտի անվան մշակույթի տան առաջին հարկից մինչեւ վերջին հարկը մոմեր են վառվում: Վառվող մոմեր են նաեւ դահլիճի բեմահարթակում: Ամեն մոմ մի կյանք է, մի պատմություն նրանց մասին, ովքեր դարձան թուրքի յաթաղանի զոհ: Դահլիճում հոգեպարար երաժշտություն է, որի ելեւէջներից ամեն մեկը ցասում է, պահանջատիրություն: Այդ թելը ձգվում է նաեւ ամեն ասմունքի մեջ: Իսկ դա ասմունք չէ սովորական, դա մի ժողովրդի պատմություն է, որ տեսավ Դեր Զոր, որ կորցրեց նաեւ իր հանճարներին, նրանց, ովքեր պետք է աշխարհին իրենց ասելիքն ասեին, որ աշխարհը բարությամբ օծվեր: Բայց, ավաղ, նրանք դարձան սուրբ նահատակներ:

Միջոցառումը, որ կազմակերպել է մշակույթի տան գրադարանային համակարգը, պատրաստել էր Զոյա Գալստյանը: Մասնակիցները մեկ անգամ եւս զգացին, որ եղեռնի զոհերը հայ ժողովրդի անլռելի զանգակատունն են, նրանց անմեղ արյունը միշտ պիտի դառնա մեր պայքարի ոգին, ուժ տա հայ ժողովրդին, որպեսզի նա կարողանա իր սկսած պայքարը հասցնել հաղթական ավարտին: Ու թեեւ 1915-ի գարունը մնացել էր ձյան տակ, բայց հայը հառնեց մոխիրների տակից եւ այսօր աշխարհի հետ եռագույնի լեզվով է խոսում եւ իր եռագույնով դարեր է գնալու: Այս մտքին ես եզրահանգում` դիտելով ներկայացված գրական-երաժշտական համադրությունը, որի ժամանակ ամեն վայրկյան հառնում էր հայի տեսակը:

Միջոցառման մասնակից Դուխիկ Հայրապետյանի կարծիքով ցերեկույթը հասավ իր նպատակին, այն ուսանելի էր ու ներկաներին պայքարելու, հաղթելու նոր լիցքեր հաղորդեց:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: