01/15/2025

Գորիսի զորամասի զինվորների երազանքն է լինել Վանա ծովի ափին` տիրոջ իրավունքով

Գորիսում տեղակայված զորամասում նույնպես նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դահլիճում հառնել էր հայոց ոգին եւ արդար հատուցում ու դատ էր պահանջում: Եվ դա ոչ միայն եղեռնագործ թուրքերից, այլեւ ամբողջ աշխարհից, քանի դեռ, ինչքան եղեռնագործներն արժանի պատիժ չստանան, աշխարհը նոր ցեղասպանությունների առջեւ է կանգնելու:

Իսկ դահլիճում զինվորներ են, սպաներ, աշակերտներ, ուսանողներ: Բեմում զինվորներ են:

– Մենք պիտի կառուցենք, հզորանանք, մենք` հայերս, ամբողջ աշխարհին ընդունել կտանք Հայոց ցեղասպանությունը: Մենք խոսք ենք տալիս, – հուժկու եւ ազդեցիկ ձայնով ասում են զինվորները:

Իսկ նրանցից Գարիկ Ստեփանյանը նպատակ ունի եւ ասում է` ես վստահ եմ եւ համոզված, որ իմ սերնդակիցներով հասնելու ենք Վանա ծովին եւ հանգստանալու ենք այնտեղ` տիրոջ իրավունքով:

Հայոց սահմանները պահող այսօրվա զինվորները պահանջատեր են: Նրանք իրենց պահանջն արտահայտում են երգով, խոսքով: Իսկ Գորիսի պետական համալսարանի դասախոսները հանդես են գալիս դասախոսություններով:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը, խոսելով հայոց ցեղասպանության մասին, տալիս է նաեւ նրա իրավական գնահատականը, նշելով, որ «Բացի քրեական հանցանքից, ցեղասպանությունը մարդկային իրավունքների ոտնահարում է, որը թուրքական կառավարությունը չի կարող սքողել: Ուստի, միջազգային հանրության ամենաանհետաձգելի խնդիրներից պետք է լինի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության իրավական եւ քաղաքական գնահատական տալը: Դրանից ուղղակիորեն բխում է ցեղասպանության պաշտոնական ընդունման պարտավորությունը եւ ապա` հայ ժողովրդի վնասների հատուցումը: ՄԱԿ-ը եւ նրա անդամ բոլոր երկրներն իրավասու են հետամտելու դրա ընդունմանն ու զորակցելու հայ ժողովրդի պայքարին»:

Իրենց հերոս ապուպապերի ոգու կրողն են այսօրվա զինվորները, որ 18-20 տարեկան են, բայց արդեն մեծ փորձ ունեն հայոց սահմանները պահելու գործում: Եվ նրանցից յուրաքանչյուրի երազանքը մեր կորուսյալ հողերի վերադարձն է: Ու թե գա պահը, նրանք մի-մի Սասունցի Դավիթ դարձած` կսլանան առաջ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցում էին զորամասի հրամկազմը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: