01/12/2025

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող ղողանջները հնչեցին նաեւ Քաջարանում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող ղողանջները հնչեցին նաեւ Քաջարանում

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված քաղաքային միջոցառումները Քաջարանում սկիզբ առան ապրիլի 9-ին` Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությամբ: Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրությունը շարունակվեց մինչեւ ապրիլի 24-ը` հանրությանը եւս մեկ անգամ հաղորդակից դարձնելով ցեղասպանության պատմությանը եւ նահատակների չարչարանքներին: Ցուցադրվող ֆիլմերի շարքում էին Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը», Ժիրայր Ավետիսյանի «Ձորի Միրոն», Հենրիկ Մալյանի «Նահապետ»-ը, Անրի Վեռնոյի «Մայրիկ»-ը, Ռոբերտ Քեշիշյանի «Արամ»-ը: Ցեղասպանության պատկերներն ու ընկալումներն իրենց արտացոլումը գտան դպրոցականների շարադրություններում` «Հարյուր տարվա ցավի գույնը» խորագրով, եւ արվեստի մանկական դպրոցի սաների «Հետադարձ հայացք» թեմայով գեղանկարներում:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին իրենց մասնակցությունն ունեցան քաղաքի գրադարանները` կազմակերպելով «Գարուն ա, ձյուն ա արել» խորագրով ասմունքի ցերեկույթ: Ճանաչողական դասեր կազմակերպվեցին` կլոր սեղանների, սեմինարների միջոցով` հանրակրթական դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հերթական ղողանջն ապրիլի 23-ին հնչեց կոմիտասյան ելեւէջներով` Քաջարանի մշակույթի պալատում` Արվեստի մանկական դպրոցի ուսուցիչների եւ սաների մասնակցությամբ: Ողջ միջոցառման ընթացքում կոմիտասյան երաժշտության ներքո հնչեց Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմը: Այնուհետեւ, ինչպես հանրապետության բազմաթիվ եկեղեցիներում, Քաջարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում 19:15-ին հնչեցին զանգերի 100 ղողանջները: Միեւնույն ժամանակահատվածում «Անդոկ Սյունի» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Քաջարանի մշակույթի պալատից մեկնարկեց ջահերով երթ:

Վերոնշյալ բոլոր միջոցառումներին ներկա էր քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ով իր խոսքում նշեց. «Աշխարհում կա մի գետ, որը ոչ մի քարտեզի վրա նշված չէ: Դա հայ ժողովրդի արյան գետն է: Այդ գետը, հոսելով մարդկության խղճի, անտարբերության հովիտներով, հասնելու է հատուցման ծովին: Մենք հիշում եւ փառք ենք տալիս մեր բոլոր նահատակներին: Ես վստահ եմ, որ մեր սերունդները դեռ տեսնելու են Արեւմտյան Հայաստանը` ամփոփված Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ»:

Ապրիլի 24-ին հարյուրավոր քաջարանցիներ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ դրեցին` ձգտելով մեղմացնել հայ ժողովրդի 100 տարվա ցավը:

ԶԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: