01/12/2025

Հարգանք ռուս զինվորի հիշատակին

Հարգանք ռուս զինվորի հիշատակին

Ապրիլի 17-ին իրականացվեց ծառատունկ` ի հիշատակ 1991թ. Սիսիանում զոհված ռուս զինվորի: 20-ամյա Ալեքսեյ Բաբենկոն սպանվել է իր իսկ ծննդյան օրը` հուլիսի 1-ին` Սիսիանից մի քանի կմ հեռավորության վրա ընկած ուղղաթիռի մոտ հերթապահություն իրականացնելիս: Տարիներ անց զինվորի եղբայր Վիկտորը մոր խնդրանքով այցելել, փոքրիկ խաչքար է կանգնեցրել եղբոր մահվան վայրում` Երեւան-Մեղրի մայրուղու Նորավանի հատվածում:

Արցախյան ազատամարտի հրամանատար Աշոտ Մինասյանի նախաձեռնությամբ սիսիանցի երկրապահները շարունակեցին Վիկտոր Բաբենկոյի նախաձեռնած գործը` տարածքում բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ իրականացնելով: «Տղաները միահամուռ կերպով ընդունեցին գաղափարը, եւ հիմա տեսնում եք եռուզեռը: Պատերազմով անցած մարտիկները պետք է ուղեցույց լինեն մատաղ սերնդի համար, – նշում է հրամանատար Աշոտ Մինասյանը: – Պատերազմն արհավիրքներ է ծնում, եւ եթե իր ծառայությունն իրականացնելիս մեր տարածքում ռուս զինվոր է զոհվել, ուրեմն մենք պետք է հարգենք նաեւ նրա հիշատակը: Չի կարելի տարբերություն դնել մեր զոհված ազատամարտիկի եւ այս ռուս երիտասարդի միջեւ, որը եկել էր նաեւ մեզ համար, մեր հողի համար, մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար, ու չարաբաստիկ գնդակից զոհվեց: Որպես հայ մարդ, որպես հավատավոր մարդ` մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել»:

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ձեռամբ խաչքարի օրհնություն կատարվեց: Մասնակիցները խունկ ծխեցին, մոմեր վառեցին ու թարմ ծաղիկներ դրեցին հուշաքարին: «Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է` ինչպես որ հավը իր թեւերի տակ հավաքում է իր ձագերին, այնպես էլ տիրոջ խաչը իր թեւերի տակ է հավաքում իր հավատացյալներին, - նշում է տեր Մակար վարդապետ Հակոբյանը: - Առանց խաչի մենք չունենք փրկություն: Սուրբ Գրիգոր Տաթեւացին այսպիսի մի գաղափար ունի` ով որ խաչ է կանգնեցնում, ինքը փրկվում է, եւ իր ընտանիքը` նույնպես»:

Օրն ավարտվեց մատաղի սեղանի շուրջ: Արցախյան ազատամարտի բովով անցած տղաները բաժակ բարձրացրին ինչպես իրենց զոհված ընկերների, այնպես էլ ռուս զինվորի հիշատակի համար:

«Սրբավայրի վերածված տարածքի խնամքով հետագայում էլ կզբաղվեն երկրապահը, զինվորականները, յուրաքանչյուր անցորդ, ում համար սուրբ է ամեն մի զինվորի հիշատակ», – նշում է հրամանատար Աշոտ Մինասյանը:

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: