01/15/2025

Polymetal International plc ընկերությունը $3,5 միլիոնով ձեռք է բերել Հայաստանի Լիճքվազի ակտիվի 25%-ը

Polymetal International plc ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի Լիճքվազ ոսկու հանքավայրի ակտիվների 25%-ը եւ համաձայնեցրել է ակտիվում մասնաբաժինը մինչեւ 50%-ի հասցնելու հարցը, ասված է ընկերության կայքում:

Polymetal-ը ձեռք է բերել 25% մասնաբաժինն ընկերության, որը Հայաստանի Լիճքվազ հանքավայրի հանքախուզություն իրականացնելու լիցենզիա ունի (ներառյալ ներկորպորատիվ պարտքի մասը): Գնումը կատարվել է 3,5 մլն դոլարի 429 260 սեփական բաժնետոմսերով:

Polymetal-ը ստանձնել է նաեւ հանքավայրում հանքախուզական աշխատանքների ֆինանսավորման (ոչ ավելի, քան 15 կմ հետախուզական հորատում), տեխնոլոգիական հետազոտությունների եւ JORC կանոններին համապատասխան պաշարների գնահատման հաշվետվության նախապատրաստման պարտավորություն` տվյալ աշխատանքների ավարտից հետո ընկերությունում բաժնեմասն ավելացնելու դիմաց:

«Ուրախ եմ հայտնել Լիճքվազում բաժնեմաս ձեռք բերելու որոշման մասին, դա մեր առաջին ակտիվն է Հայաստանում: Հուսով եմ, որ բարձր պարունակությամբ այդ նախագիծը կմեծանա հանքախուզության արդյունքում եւ օպտիմալ պլացդարմ կստեղծի նոր տարածաշրջանում մեր հետագա զարգացման համար», - ասաց Polymetal-ի գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսը:

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտ գտնվող Լիճքվազ հանքավայրը Երեւանից 380 կմ դեպի հարավ է: Այդ տարածաշրջանն ունի զարգացած ենթակառուցվածք (հոսանք, ջուր, կացարան) եւ որակյալ աշխատուժի հասանելիություն:

Հանքավայրի պատմական գնահատանքի համաձայն` առաջարկվող ռեսուրսները կազմում են 2,4 մլն տոննա հանքաքար 6.9 գ/տ պարունակությամբ, ինչը համապատասխանում է մոտ ոսկու 0.6 մլն ունցիայի:

Հանքավայրը կիսաուղղահայաց գոտիների եւ անդեզիտում գտնվող 4-5 մետր հզորությամբ` դեպի արեւմուտք տարածվող երակների թանձրուկների շարք է: Համակարգի երկարությունը կազմում է տարածմամբ 800 մետր եւ հյուսիսում պատված է սառցաբեկորային կուտակումներով: Լիճքվազը Միջերկրածովյան գոտու (Թետիս) մասն է, եւ, ընկերության կարծիքով, ունի հանքահետախուզության բարձր ներուժ:

Բաժնետոմսերի թողարկման եւ գործարքի վճարման արդյունքում Polymetal բաժնետիրական կապիտալն այժմ կազմում է 423 031 984 բաժնետոմս: Արժեթղթերի պաշտոնական ցանկում ընդգրկելու հայտն ուղարկվել է Լոնդոնի ֆոնդային բորսա եւ Մեծ Բրիտանիայի ցուցակման վարչություն, եւ ակնկալվում է, որ գործարքի վճարման համար թողարկված նոր բաժնետոմսերն առուվաճառքի կդրվեն 2015թ. ապրիլի 25–ին կամ այդ ամսաթվին մոտ օրերին:

15.04.2015, arka.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: