01/15/2025

Կվերակառուցվի Ագարակ-Քաջարան ավտոմայրուղին

Կառավարությունն ապրիլի 22-ի նիստում հավանություն տվեց Եվրոպական Միության օժանդակության համաձայնագրով («Աջակցություն Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Երեւան-Բավրա հատվածին) Հայաստանի համար նախատեսված իրավունքների եւ պարտավորությունների ստանձնմանը:

Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել Եվրոպական ներդրումային բանկը: Ծրագրի համաֆինանսավորման նպատակով նախատեսված էր նաեւ Եվրամիության հարեւանության ներդրումային գործիքի միջոցով ստանալ 12 մլն եվրո դրամաշնորհ, որը կտրամադրվի Հայաստանին եւ կուղղվի 3-րդ տրանշի` Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն ու վերահսկողությանը, ինչպես նաեւ Հյուսիսային տրանշի նպատակայնության ուսումնասիրությանն ու նախագծմանը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի շինարարության նախագծի ֆինանսավորման ներդրումային վարկի համաձայնագրին:

Կառավարության հաղորդագրության համաձայն` փաստաթղթի կնքումը թույլ կտա ապահովել ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի անընդհատությունն իրականացնելով Ագարակից դեպի Քաջարան հատվածի բարելավումը, վերակառուցումը եւ լայնացումը:

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը նախատեսվում էր սկսել 2009թ. եւ ավարտել 2017թ.: Ճանապարհը պետք է ունենա 556 կմ երկարություն (Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա): Ասիական զարգացման բանկն այս ծրագրի համար 32 տարով եւ լողացող տոկոսադրույքով հաստատել է 500 մլն դոլար վարկային միջոցներ` կառավարության 462 մլն դոլար համաֆինանսավորման պայմաններում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: